Ինչպես հայտնի է՝ վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը վարելու է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը, ով պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով։
ArmLur.am-ի հետ զրուցում նա նշեց, թե մեծ պատասխանատվությամբ է մոտնում իրեն վստահված առաքելությանը։«Դե իհարկե դա մեծ պատասխանատվություն է ինձ համար և պատմական օր է լինելու։ Իմ ամբողջ պատմության մեջ դա ես կհիշեմ և ուրիշներն էլ կհիշեն, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը բացել է Կնյազ Հասանովը»,- նշեց նա։
Չնայած մեծ պատասխանատվությանը, Հասանովը չի կարծում, թե կարող է իր առաքելությունը վատ կատարել կամ կարող է դժվար լինել «Պետք է մի հատ ծանոթանամ կարգերին, տեխնիկական հարց է, բայց պրոբլեմ չկա։ Իհարկե, կկարողանամ, դա մեծ խնդիր ես չեմ համարում։ Ինձ թվում է` դժվարություններ չեն լինի»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակար-օրենքի նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը՝ մինչ նախագահության անդամների որոշումը։ Կնյազ Հասանովը ծնվել է 1945 թվականին, մինչ այս նշվում էին Նապոլեոն Ազիզյանի (1946 թվական ) և Արա Բաբլոյանի (1947 թվական ) անունները:
Նաիրա Հովհաննիսյան