ՀԱՂԹԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՎՔԵՐ ԿՊԱՐՏՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնալ Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀԿ-ում ինքնաբացարկներ կլինեն նաեւ տարածքային ցուցակներից: Մինչ այդ հստակեցումների մասին ՀՀԿ-ն կորոշի բարձրաձայնել, «Ժողովուրդ»-ը Հանրապետականի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մի քանի թեկնածուներից փորձեց պարզել՝ արդյո՞ք իրենք եւս կլինեն ինքնաբացարկ հայտնողների շարքում:

Նահապետ Գեւորգյան, առաջադրվել էր թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը: Գեւորգյանը այս ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուն է, հավաքել է 22.070 ձայն եւ հնարավորություն ստացել լինել 6-րդ գումարման ԱԺ-ում:
-Պարո՛ն Գեւորգյան, չնայած այն փաստին, որ Դուք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթել եք Ձեր ընտրատարածքում եւ հնարավորություն ունեք շարունակելու Ձեր գործունեությունն ԱԺ-ում, հնարավո՞ր է` հրաժարվեք Ձեր մանդատից եւ ինքնաբացարկ հայտնեք:
-Ե՞ս եմ որոշում կայացնողը, ժողովուրդն իրա խոսքն ասել է:
-Օրեր առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ի տարածքային ցուցակներից եւս կլինեն ինքնաբացարկներ, միգուցե ինքնաբացարկ հայտնողներից մեկը Դո՞ւք եք:
-Հաստատ ես չեմ լինելու:
-Այսինքն` Ձեր մասով արդեն հստակ որոշում կայացվել է կուսակցության ղեկավարության կողմից:
-Լսի՚, իսկ ես վերջում ոնց եմ պատասխան տալու ժողովրդին, դու հասկանո՞ւմ ես` ինչ հարց ես տալիս ինձի:
-Եթե եղել է նման հայտարարություն, նշանակում է, որ հաշվի չեն առնելու, թե ով է ամենաշատ ձայները ստացել: Բայց Դուք ի՞նչ եք կարծում` արդար կլինի, եթե չթողնեն ԱԺ գնա այն թեկնածուն, ով ամենաշատ ձայնն է ստացել:
-Իմաստը որնա՞, ես չեմ հասկանում:
-Դե, գուցե ցանկանում են տվյալ թեկնածուի փոխարեն մեկ ուրիշին խորհրդարան անցկացնել:
-Տենց հարցեր ինձի մի՚ տուր, ես ասում եմ, որ ես ինքնաբացարկ չեմ հայտարարելու, ես էսքան մարդկանց պատասխան ո՞նց եմ տալու: Որեւէ նման մտադրություն չունեմ ես:

Մուրադ Մուրադյան, ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում: Մուրադյանը, վաստակելով 18.283 ձայն, եւս հնարավորություն ունի շարունակելու իր գործունեությունը խորհրդարանում:
-Պարո՛ն Մուրադյան, հնարավո՞ր է` ինքնաբացարկ հայտնեք: Ձեր կուսակցության խոսնակն ասել է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից եւս լինելու են ինքնաբացարկ հայտնողներ:
-Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ով ասել է, իրանից հարցրեք:
-Ձեզ այդ մասին որեւէ բան չե՞ն ասել:
-Ես հիմա տեղյակ չեմ, որ մի բանից տեղյակ չեմ, հելնեմ, ի՞նչ ասեմ, պատահական բան ասեմ, ճիշտ չի լինի, չէ՞, դա վերջում:
-Իսկ Դուք ի՞նչ եք որոշել՝ ուզո՞ւմ եք լինել խորհրդարանում, թե՞ ինքնաբացարկ կհայտնեք:
-Կգա օրը, էլի, արի, մի տասը օրից հարցրեք, կասեմ, էլի:
-Այսինքն` դեռեւս գաղտնի՞ են պահում թեկնածուներից, հստակեցում չկա՞:
-Լավ էլի:

Սամվել Սանամյան, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Կոտայքի մարզում՝ թիվ 10 ընտրատարածքում: Նրան հաջողվել է հավաքել 12.652 ձայն եւ հնարավորություն ստանալ լինել ԱԺ-ում:
-Պարո՛ն Սանամյան, մեկ հարց…
-Դու խի՞ ես ինձ զանգ տալիս, «Ժողովուրդ»-ի Վահա՚գ, իմ Մայիսի մեկը ինչի՞ ես դու փչացնում:
-Ինչպե՞ս եմ փչացնում, մեկ հարց ունեմ Ձեզ ընդամենը:
-Ինձ մի՚ հարցրու, դու այդ իրավունքը վաստակե՞լ ես ինձ հարց տալու:
-Ինչո՞ւ եք զայրանում, որպես լրագրող՝ իմ իրավունքների մեջ է մտնում նաեւ հարց ուղղել պաշտոնյա հանդիսացող անձանց եւ պարզել ՀՀ ապագա խորհրդարանի պատկերը: Այդ իսկ պատճառով, պատասխանեք, խնդրեմ, արդեն որոշվե՞լ է՝ Դուք կմտնեք Ազգային ժողո՞վ, թե՞ գործադիր կգնաք:
-Բայց դա քո ի՞նչ գործնա` ես գալու եմ Ազգային ժողով, թե ոչ:
-Ասացի արդեն` որպես լրագրող ցանկանում եմ իմանալ այդ հարցի պատասխանը եւ իրազեկել հանրությանը:
-Որպես լրագրող սպասի, երբ որ կգամ, կգաս, կտեսնես:
-Ասում են՝ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից եւս լինելու են ինքնաբացարկ հայտնողներ, Դուք այդ թեկնածուների՞ց եք:
-Ով ինչ ասում է, լավ է անում:
-Մասնավորապես Էդուարդ Շարմազանովն է այդ մասին հայտարարել: Վերջինս նշել է, որ ինքնաբացարկներ կլինեն նաեւ տարածքային ցուցակներից:
-Շարմազանովն ովա՞:
-Ազգային ժողովի փոխնախագահն է, ՀՀԿ մամուլի խոսնակը:
-Երբ որ կլինեն ռեյտինգայիններից, կիմանաք այդ ժամանակ, քեզ հաջողություն:

Կարեն Բոթոյան, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Գեղարքունիքի մարզում եւ այդ ընտրատարածքում վաստակել ամենաշատ քվեն` 14.932:
-Պարո՛ն Բոթոյան, ի վերջո, ի՞նչ որոշվեց, գալո՞ւ եք ԱԺ, թե՞ ոչ:
-Դեռ ոչ մի բան հայտնի չի, կգանք էլի, երեւի:
-Հնարավո՞ր է` Դուք այն ինքնաբացարկ հայտնողների մեջ լինեք, որոնց մասին օրերս հայտարարել է Է. Շարմազանովը:
-Հլը որ ոչ մի բան չեն ասել, ես ոնց ասեմ` կլինեմ, թե ոչ:

 

 

 
ՊԱՇՏՊԱՆԵԼ-ՉՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

Երկու շաբաթ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Վանաձորի ավագանու ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի անդամների կողմից գումարվող նիստերի իրավազորությունը: «Ժողովուրդ» օրաթերթը «Լուսավոր Հայաստան» կուսակցության` Վանաձորի ավագնու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանից փորձեց պարզել, թե ինչ փուլում է գտնվում գործընթացը:

Մարուքյանը տեղեկացրեց, որ ՍԴ դիմելու օրը դեռ որոշված չէ, այս պահին աշխատում են հայցադիմումի վրա. «Երբ պատրաստ կլինի, այդ մասին կհայտարարենք»,- խոստացավ Քրիստ Մարուքյանը՝ դժվարանալով հայտնել, թե մոտավորապես ե՞րբ պատրաստ կլինի հայցադիմումը: «Չեմ կարող ասել, որովհետեւ հիմա իրավաբաններն են աշխատում դրա վրա»,- նշեց նա: ԼՀ-ն դեռեւս քննարկում չի անցկացրել երկու գործընկեր կուսակցությունների՝ «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ, որոնք եւս որոշել էին բոյկոտել ավագանու նիստերը: Կմիանա՞ն նրանք «Լուսավոր Հայաստան»-ի պահանջին, թե՞ ոչ: «Երբ իրավաբանական հարցերը փակվեն, նոր արդեն գնա քաղաքական հարթություն, այդ ժամանակ արդեն կքննարկենք: Մենք հիմա ուզում ենք իրավաբանական հարցը ի մի բերենք, նոր քննարկենք»,- ասաց Վանաձորի ավագանու անդամը: Քանի որ օրերս Սահմանադրական դատարանը մերժեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցը, եւ, առհասարակ, տարածված կարծիք կա, որ դատարանները անկախ մարմիններ չեն եւ հետեւում են իշխանությունների հրահանգներին, Մարուքյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցի մերժումն իրենց չի մտահոգում ու տեղիք տալիս մտածելու, որ իրենց հայցն էլ կմերժվի. «Ո՚չ, բացարձակ, ամեն մեկն ինքն է որոշում` ինչ հիմքերով դիմի սահմանադրական դատարան, հետեւաբար ունենալով այն հիմքերը, որ մենք ունենք եւ իրենց հիմքերը, մենք չենք կարող զուգահեռներ անցկացնել»,- նշեց Մարուքյանը:
Մինչ կուսակցությունը կավարտի հայցադիմումի պատրաստման գործընթացը եւ կսկսի քննարկումները ՀՎԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ, «Ժողովուրդ»-ը որոշեց այդ կուսակցություններից հետաքրքրվել նրանց որոշման մասին: Հարցի առնչությամբ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը տեղեկացրեց.«Սահմանադրական դատարան դիմելը «Լուսավոր Հայաստան» կուսակցության իրավունքն է: Մեզ մոտ չի քննարկվել պաշտպանել-չպաշտպանելու հարցը: Առաջիկայում մեզ մոտ վարչության նիստ կլինի, մենք բոլոր հարցերին կտանք ավելի սպառիչ պատասխան»: Իսկ մեր հարցին՝ շարունակելո՞ւ են բոյկոտել ավագանու նիստերը, թե՞ մտափոխվել են եւ, այնուամենայնիվ, այսուհետ կմասնակցեն, Առաքելյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ նիստերին չմասնակցելու մեր որոշումը դեռ ուժի մեջ է, այլ որոշում չունենք»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հարցի պատասխանը ստանալ կրկին չհաջողվեց:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՉԵՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ
Հայաստանում պաշտոնապես նվազել է ամուսնության եւ աճել ամուսնալուծությունների դեպքերի քանակը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցված ամուսնության դեպքերը 7.4 տոկոսով նվազել են: Իսկ ահա նույն ժամանակահատվածում ամուսնալուծության դեպքերը 14.2 տոկոսով աճել են:
Ըստ մասնագետների`ամուսնությունների դեպքերի քանակի նվազումը պայմանավորված է ոչ միայն բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացումով, այլեւ մշտական բնակչության թվաքանակի նվազումով: Բացի այս` մարդիկ ուշ են ամուսնանում, որովհետեւ ֆինանսական հնարավորություններ չկան: Նաեւ մի կարծիք կա, ըստ որի` ե՚ւ ամուսնության, ե՚ւ ամուսնալուծության հիմնական պատճառներից մեկը տարբեր խնդիրների շուրջ վեճերն են, բնավորության անհամատեղելիությունը եւ արտագնա աշխատանքի մեկնումը: Ամուսնալուծության ոչ պակաս կարեւոր պատճառներից է նաեւ նյութական միջոցների անբավարարությունը:

 

 

ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՀԱՐԿԵՐԸ
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում նվազեցրել է պետական բյուջե վճարվող հարկերի, տուրքերի չափը. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից: Եւ այսպես` այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետբյուջե վճարել է 170 մլն 660 հազար 900 դրամ հարկ` զբաղեցնելով 177-րդ տեղը: Իսկ ահա անցած տարվա նույն ժամանակահատվածում «Գյումրի գարեջուր» ընկերությունը եղել է 147-րդ տեղում՝ վճարելով 188 մլն 185 հազար 200 դրամ հարկ: Եւ սա այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ տվյալների, Հայաստանում գարեջրի արտադրության ծավալները 5.5 տոկոսով աճել են:

 

 

ՋՐԻՑ ՉՈՐ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
Սեւանի նախկին քաղաքապետի տեղակալ Արշատես Բադալյանի գործով վճիռը հրապարակվեց: Ինչպես հայտնի է` քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ Արտաշես Բադալյանը ոչ պատշաճ է կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի հետեւանքով քաղաքապետարանին հասցրել էր 3 միլիոն դրամի վնաս: Եվ ահա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերջինս ընդունել էր իր մեղք եւ խնդրել էր դատական նիստը իրականացնել արագացված: Արդյունքում, ապրիլի 25-ին դատարանը հրապարակեց այս գործով վճիռը եւ նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի` Ուդոյի տեղակալին կատարած արարքի համար տուգանեց 400 հազար դրամով: Հավելենք, որ քաղաքապետարանին հասցված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:




Լրահոս