ՍԵՓԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը նախագահական լիազորությունների ավարտից հետո մտադիր չէ հեռանալ իշխանությունից, այլ փորձելու է պետական կառավարման համակարգում հնարավորինս երկար պահպանել իր ազդեցությունը:

Այս ցանկությունը Սերժ Սարգսյանի մոտ նոր չէ, այլ այդ ամենին նա սկսել էր նախապատրաստվել շատ վաղուց. սկզբում նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը՝ կիսանախագահական համակարգից անցում կատարելով խորհրդանական կառավարման համակարգի: Հիշում եք՝ հանրաքվեն անցկացվեց ամենավերջին ընտրակեղծիքներով, երբ, չնայած հասարակությունը միահամուռ «ոչ» քվեարկեց առաջարկվող փոփոխություններին, բայց միեւնույն է` նոր Սահմանադրությունը հայտարարեցին ընդունված:
Ու քանի որ 2018թ. ապրիլից այդ Սահմանադրությունն ամբողջովին կմտնի ուժի մեջ, եւ Հայաստանում կհաստատվի խորհրդարանական կառավարման համակարգ, Սերժ Սարգսյանը հիմա զբաղված է այդ ԱԺ-ում իրեն հավատարիմ բացարձակ մեծամասնություն ունենալու խնդրով: Դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ նա տարբեր կուսակցությունների ընտրացուցակներում ներդրել էր իր թեկնածուներին: Ընտրությունների արդյունքում խորհրդարան անցնելու շեմը հաղթահարեց չորս ուժ, եւ հիմա Սերժ Սարգսյանն այս օրերին զբաղված է իր մարդկանց պատգամավոր «նշանակելու» գործով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը խնդիր է դրել ՀՀԿ-ում եւ նոր խորհրդարանի տարբեր խմբակցություններում ունենալ 85-90 հավատարիմ պատգամավոր (հավանական է՝ կանգ առնի 87 պատգամավոր ունենալու մտքի վրա): Այդ մարդկանց մի մասն, իհարկե, այս ընթացքում ամեն ինչ կանի՝ արտաքուստ ցույց տալու համար, թե որեւէ առնչություն չունի Սերժ Սարգսյանի հետ, արտաքուստ ընդդիմադիր կձեւանա, բայց իշխանության համար օրհասական պահերին նրանք կմիավորվեն «հանուն ազգի» գաղափարի: Այս առումով պատահական չէ, որ ապրիլի 2-ի ընտրություններից անցել է ուղիղ մեկ ամիս, բայց խորհրդարան անցած ուժերը դեռ չեն հստակեցրել, թե իրենց թեկնածուներից ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացնելու, ովքեր՝ գործուղվելու խորհրդարան: Եւ այն արդարացումները, թե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ընտրությունների արդյունքները բողոքարկել է ՍԴ-ում, եւ իրենք սպասում էին ՍԴ որոշմանը, իրականության հետ չունի որեւէ առնչություն. չէ՞ որ ի սկզբանե պարզ էր՝ ՍԴ-ն, միեւնույն է, մերժելու է հայցը՝ անփոփոխ թողնելով ընտրությունների արդյունքները: Այնպես որ, այս ընթացքում կամ գոնե ՍԴ որոշումից հետո խորհրդարանական ուժերը կարող էին հրապարակել ապագա պատգամավորների անունները: Բայց սա չեն արել, քանի որ սպասում են Սերժ Սարգսյանի վերջնական որոշմանը:
Սակայն իշխանության ձեւավորման գործընթացը Սերժ Սարգսյանը միայն խորհրդարանում հավատարիմ անձանց գործուղելով չի ավարտելու, այլ վերջին ակորդը լինելու է նոր կառավարության կազմավորումը, բայց ոչ թե հիմա, այլ 2018թ. ապրիլին: Ճիշտ է` մայիսի 18-ին, երբ նոր խորհրդարանը ստանձնի լիազորությունները, եւ տեղի ունենա առաջին նիստը, գործող կառավարությունը հրաժարական կտա, եւ Սահմանադրության համաձայն` կձեւավորվի նոր կառավարություն: Բայց սա լինելու է ժամանակավոր կառավարություն, որն ունենալու է մեկ տարվա կյանք, իսկ հիմնական կառավարությունը կձեւավորվի արդեն 2018թ. ապրիլից, երբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը: Եւ ահա այդ նոր կառավարությունն արդեն կլինի բացառապես Սերժ Սարգսյանի կառավարությունը: Ընդ որում, այստեղ ամենեւին էլ կապ չի ունենա, թե ո՞վ է լինելու վարչապետը, ովքե՞ր են լինելու նախարարները. խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում իրական իշխանությունը կենտրոնացած է լինելու այն կուսակցության ձեռքին, որն ԱԺ-ում ունենալու է բացարձակ մեծամասնություն, որը նշանակելու է կառավարություն, որը նշանակելու է պաշտոնյաների: Այսինքն՝ այլեւս օրենսդրորեն իշխանությունը պատկանելու է ՀՀԿ-ին: Եւ քանի որ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ ՀՀԿ նախագահ, ինքն է շարունակելու որոշել իշխանության կազմը:
Չնայած, հավանական է, որ 2018թ. ձեւավորվող նոր կառավարության ղեկավարը լինի հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը. այս առումով նա տարբեր ակնարկներ է արել. հիշում եք «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հայտնի հարցազրույցը, երբ չէր հերքել 2018-ից հետո վարչապետ դառնալու հավանականությունը` ասելով, որ դա կապված է լինելու ԱԺ ընտրություններում իր կուսակցության հաջողությունից: Այս տարվա փետրվարին Ս. Սարգսյանը հայտարարել էր, թե նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո վարչապետն ավելի լայն լիազորություններ ու հնարավորություններ կունենա, քան հիմա ունի նախագահը. «Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության եւ պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա նախագահին՝ գերագույն գլխավոր հրամանատարին։ Նպատակը հետեւյալն է. մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը եւ լիազորությունները»,- ասել էր նա: Իսկ մարտին էլ` Արցախ այցի ժամանակ, հայտարարել էր. «Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով` ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ, դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որեւէ ձեւաչափով օգտակար կլինեմ»:
Հիմա ՀՀԿ-ն ընտրություններում հաջողություն գրանցեց (ճիշտ է՝ վարչական ռեսուրսների եւ 10 հազար դրամների, քրեական տարրերի շնորհիվ, բայց փաստ է, որ ունեն կայուն մեծամասնություն), Սերժ Սարգսյանն էլ տարբեր խմբակցություններում ունենալու է իր պատգամավորները, այնպես որ, որեւէ բան այլեւս չի խանգարում նրան շարունակել պաշտոնավարումը որպես գործադիրի ղեկավար:
Հ. Գ. Նկատենք, որ միայն «Ելք» դաշինքն է մինչ օրս հայտարարել, թե կոնկրետ ովքեր են լինելու ԱԺ-ում դաշինքի ներկայացուցիչները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱ
Ապրիլի 27-ին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության փաստաթուղթ. «ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ համագործակցության քննարկումներն ավարտական փուլում են, գրեթե ավարտվել են: Ընդհանուր հարցերում եկել ենք համաձայնության եւ տեսանելի ապագայում կստորագրենք համագործակցության փաստաթուղթ»,- նշել էր կուսակցության խոսնակը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀԿ-ականներից հստակեցնել, թե ո՞րն է Շարմազանովի նախանշած տեսանելի ապագան: «Առավելագույնը 10-20 օրից»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում: Նկատենք, որ 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը մեկնակելու է մայիսի 18-ին, եւ այս առումով Մինասյանի նախանշած ժամանակահատվածից կարելի է ենթադրել, որ կուսակցությունները փորձում են ինտրիգը պահել մինչեւ վերջ, չնայած նրան, որ քննարկումներն ավարտական փուլում են:

 

 

ԿԱՐԴԱԼՈՒ ՀԵՏ ՍԵՐ ՉՈՒՆԻ
Օրերս լրագրողների հետ զրույցում ՀՀԿ Երեւանի ավագնու ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր. որ իր մրցակիցների նախընտրական ծրագրերը չի կարդացել, քանի որ չի գտել. «Ես ուզում եմ կարդալ իրենց ծրագիրը, ինձ շատ հետաքրքիր է: Մեր քաղաքացիներից եմ ուզել եւ մեր լրատվամիջոցներից, ոնց որ հիմա ձեզանից եմ ուզում»,- նշել է Մարգարյանը, ապա վստահեցրել՝ իր թիմը փնտրել է ու չի գտել դրանք նաեւ համացանցում: «Ժողովուրդ» օրաթերթը «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու թեկնածուներից «Լուսավոր Հայաստան» կուսակցության խոսնակ Անի Սամսոնյանից հետաքրքրվեց, թե որտե՞ղ են իրենց նախընտրական ծրագրերը, որ Մարգարյանը չի կարողանում գտնել. «Տարոն Մարգարյանը կարդալու հետ սեր չունի։ Այդպիսի պատասխանը ընդամենը արդարացում էր իր անգիտության»,- ասաց Սամսոնյանը եւ ի գիտություն Տարոն Մարգարյանի եւ բոլորի` տեղեկացրեց, որ իրենց ծրագիրը տպված է 100000 օրինակով. «Տեղադրված է «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պաշտոնական կայքերում եւ նկարներով տարածվում է սոցիալական ցանցերում»,-նշեց ավագանու թեկնածուն։

 

 

ԽԱԲԵ՞Լ ԵՆ
«Սլավ-Ռեֆ Ինտերնեյշնլ» ՓԲԸ-ն, որի անունը կապված է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի ընտանիքի հետ, հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016 թվականի դեկտեմբերին «Սլավ-Ռեֆ ինտերնեյշնլ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ «Վանակվա գրուպ» ՍՊԸ-ից պահանջում է, որ իրեն վերադարձնի շուրջ 5 միլիոն դրամը: Նշենք, որ պատգամավորի ընտանիքի հետ կապ ունեցող «Սլավ-Ռեֆ Ինտերնեյշնլ» ՓԲԸ-ն զբաղվում է միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով եւ ըստ էության «Վանակվա գրուպ» ՍՊԸ-ն օգտվել է այդ ծառայություններից, սակայն համապատասխան վճարը չի իրականացրել` խաբելով պատգամավորին պատկանող ընկերությանը:

 

 
ՀԱՍԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻՆ
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրել է Սեւանը միջազգային լուրջ բրենդ դարձնելու նախագիծը՝ տեղեկացնելով, որ նախատեսում են «Սեւան ազգային պարկը» կենսոլորտային արգելոցի վերածել: «Սեւան» ազգային պարկը 150 000 հա պահպանվող տարածք է, սակայն, ըստ Վահե Գուլանյանի, պահպանվում է գրեթե մեկ ռեժիմի տակ աննշան տարբերությամբ։ Մինչդեռ կեսոլորտային արգելոցի դեպքում կառանձնացվեն երեք հիմնական տարածքներ՝ միջուկային զոնա, որտեղ կոշտ պաշտպանություն կիրականցվի, պատասխանատու զոնա, որտեղ թույլատրվում է որոշակի տնտեսական գործունեություն եւ ազատ գոտի, որտեղ թույլատրվում է, յուրաքանչյուր տեսակի գործողություն, ինչը չի հակասում տվյալ տարածքի առանձնահատկություններին:

 

 

ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ
«Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» եւ «Հայազն» կուսակցությունները երեկ՝ աշխատավորի իրավունքներին նվիրված խորհրդաժողովին, հայտարարել են միացյալ քաղաքական խորհուրդ ձեւավորելու եւ ընդհանուր օրակարգ մշակելու մասին։ «Հայազն» կուսակցությունը հանդես կգա ՍԴՀԿ-ի դրոշի ներքո՝ որպես միացյալ մաս:

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Աշխատանքի օրվա առթիվ «Գրանդ հոլդինգ»-ի կազմակերպած հայ աշխատավորի մեծարման տոնական միջոցառմանը, որին մասնակցել է ընկերության յոթ հազարից ավելի աշխատակից: Սարգսյանը «Գրանդ Քենդի»-ի գլխավոր տեխնոլոգ Սերյոժա Հովակիմյանին պարգեւատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով` երկարամյա բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար:

 

 

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱ՞Ն
«Մայիսի 1-ին աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը եւ փառաբանում ազնիվ գործը: Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է: Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը եւ փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձեւավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաեւ մեր իրականության մեջ», – նշված է նախագահ Սերժ Սարգսյանի մայիսմեկյան շնորհավորական ուղերձում:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին ընդունել է «Հայկական բարեգործական ընդհանուր միության» (ՀԲԸՄ) նախագահ տիար Պերճ Սեդրակյանին։ Հանդիպմանը քննարկվել է համատեղ իրականացվող կրթական եւ սոցիալական ծրագրերի ընթացքը, նախանշվել են ապագա անելիքները։




Լրահոս