ԱՀԱ ԹԵ ՈՐՏԵՂ ԵՆ ԿՈՐՉՈՒՄ ԲԱՆԱԿԻ ՓՈՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս դիմել է դատարան՝ պահանջելով «Դանինի» ՍՊԸ-ից բռնագանձել 51 մլն դրամ՝ ավելի քան 105 հազար դոլար: Հայցի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ «Դանինի» ՍՊԸ-ն չի կատարել ՊՆ հանդեպ պարտավորությունները եւ փորձել «քցել» պետությանը:
Նկատենք, որ «Դանինի» ՍՊԸ-ն տարիներ շարունակ եղել է բյուջետային տարբեր կազմակերպությունների կարիքների համար պետական գնումների մրցույթները հաղթողների արտոնյալ շարքում: Սակայն ՍՊԸ-ն գրեթե միշտ մրցույթները շահել է անազնիվ եղանակով. 2013թ. ՎՊ-ն բացահայտեց, որ պետական գնումների մրցույթում հաղթած «Դանինի» ՍՊԸ-ն ապրանքները մատակարարել է շուկայականից շատ ավելի թանկ գներով, եւ այդպես բյուջեից մեծ գումարներ էին վատնվել:
Բայց այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ փաստ. «Դանինի» ՍՊԸ-ն, շրջանառվող լուրերի համաձայն, սերտ առնչություն ունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ (Դեռ 2013թ. «Հայկական ժամանակն» էր գրել, որ ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ «Դանինի» ընկերության հիմնադիրը Շավարշ Դանիելյանն է, որը «Ավան» ունիվերսամի տնօրեն Աղասի Դանիելյանի ազգականն է, եւ այդ ՍՊԸ հեռախոսահամարներն էլ «Ավան» ունիվերսամի հասցեում են գրանցված, իսկ ունիվերսամը պատկանում է Տարոն Մարգարյանին. նրա հայտարարագրում էլ ունեցած անշարժ գույքի մեջ նշված է նաեւ 820 քմ տարածքով «Ավան» առեւտրի կենտրոնը): Ահա թե ինչի հետեւանքով է այս ընկերությունը մշտապես շահել պետական գնումների մրցույթները: Ու հիմա Տարոն Մարգարյանի հետ առնչություն ունեցող այս «Դանինի» ՍՊԸ-ն պարզապես «քցում է» պետությանը, պաշտպանության նախարարությանը, ընդ որում՝ բավական մեծ գումարներ: Թե ո՞վ է այս ամենի անմիջական պատասխանատուն, ինքներդ կարող եք գուշակել. երբեք բանակում չծառայած, բայց եւ հարմար պահի կամուֆլյաժով սելֆիներ անող Տարոն Մարգարյանն ու իր թիմակիցները, որոնք, փաստորեն, հրաժարվում են պետբյուջեին վճարել այդ 105 հազար դոլարը:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստանալու համար երեկ դիմեց քաղաքապետարան, որտեղից պատճառաբանելով, որ իրենք զբաղված են քարոզարշավով, հրաժարվեցին մեր հարցին պատասխանելուց: Ենթադրում ենք՝ Տարոն Մարգարյանն այսօր կշտապի հերքել իր առնչությունը «Դանինի» ՍՊԸ-ի հետ: Բայց ինքներդ եք հասկանում՝ նման դեպքերում ամենաճիշտ պաշտպանությունը «սուխոյ ատկազն է»: Հետո՞ ինչ, որ հրապարակված փաստերը ՀՀԿ-ականների դեմ են խոսում: Գլխավորը ընտրություններում քվեներ գնելն է, առանց փամփուշտ մնացած զինվորները դեռ կսպասեն:

 

 

 
ԿԸՀ-ն երեկ հրապարակեց պատգամավորի մանդատից հրաժարված թեկնածուների անունները: Ամենաշատը ինքնաբացարկ ներկայացրել են «Ծառուկյան» դաշինքից՝ 23 հոգի, 9-ը՝ ՀՀԿ-ից եւ 3-ը՝ ՀՅԴ-ից: Արդեն այսօր՝ ժամը 15:00-ին, ԿԸՀ-ն նիստ կգումարի եւ կքննի այդ դիմումները, կկազմի արձանագրություն՝ ԱԺ պատգամավորներ գրանցելու եւ մանդատներ տրամադրելու մասին: Չնայած չի բացառվում, որ դեռ մինչեւ ԿԸՀ նիստը, էլի լինեն ինքնաբացարկ հայտնող թեկնածուներ. համենայն դեպս, օրենքը չի արգելում: Բայց անկախ նրանից, թե ԿԸՀ-ն այսօր ում կտա մանդատ, ապագա խորհրդարանի կազմն առաջիկայում դեռ էլի է փոփոխությունների ենթարկվելու. բանն այն է, որ պատգամավոր գրանցվելուց, ԱԺ առաջին նիստին մասնակցելուց հետո թեկնածուներից ոմանց Սերժ Սարգսյանը կարող է գործուղել կառավարություն՝ նշանակելով նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում: Այնպես որ, իշխանության ներսում վերադասավորումները դեռ երկար են շարունակվելու: Հնդկական ցածրորակ այս սերիալի մի քանի մասեր դեռ կըմբոշխնի հայ հասարակությունը: Ի դեպ, ԸՕ 100-րդ հոդվածը սահմանում է, որ ինքնաբացարկի մասին դիմումները պետք է նոտարական կարգով վավերացված լինեն կամ դիմողն այն ներկայացնի ԿԸՀ անձամբ:

 

 

 
Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպությունը պատրաստվում է Հայաստանում իր մասնաճյուղը բացել: Օրերս այդ կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասի հետ է հանդիպել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, այդ մասին նաեւ պաշտոնական հաղորդագրություն եղավ: Ու քանի որ մասոնների հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունք կա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Վազգեն Մանուկյանին. «Ես կարծում եմ, որ բոլոր ուժերի հետ, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն աշխարհում, պետք է հանդիպել, խոսել, ես այդտեղ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում»: Իսկ թե ինչո՞ւ մասոնները հենց իր հետ են ցանկացել հանդիպել, Մանուկյանն ասել է. «Դա արդեն իրենց հարցրեք, ինձ մի հարցրեք»: Միաժամանակ նա նորմալ է համարել Հայաստանում մասոնական մասնաճյուղ բացելը. «Եթե պետական օրենքների խախտում չկա, թող բացեն»: Իսկ ահա ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասել է, թե մասոնները Հայաստանում գործում են Սերժ Սարգսյանի թույլատրությամբ եւ գիտությամբ միայն:

 

 

 

Հայաստանում շարունակում են նվազել շինարարության ծավալները: Ընդ որում, այս տարվա առաջին եռամսյակում դրանք նվազել են շատ կտրուկ: ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին իրականացվել է 35 մլրդ 772 մլն 600 հազար դրամի շինարարություն, ինչը 13.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այս՝ շինարարության ծավալների նվազման հետ մեկտեղ պակասել է այս ոլորտում կիրառվող անհրաժեշտ շինանյութերի արտադրությունը. ցեմենտի արտադրության ծավալները նվազել են 40.2 տոկոսով, իսկ տուֆի արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում 19.3 տոկոսով է նվազել: Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ոլորտում ստեղծված իրավիճակը. «Շինարարությունը պետք է ունենա պատվեր: Կա պատվեր, կաճի շինարարության ծավալները, չկա, չի աճի: Ներդրումներ է պետք ներգրավել, անհրաժեշտություն կա արդյո՞ք կառուցելու, թե՞ ոչ, իսկ շինարարության պատվերները դրանից է առաջանում»:

 

 

 
ՀԱԿԱՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանում ներդրումային ոչ բարենպաստ միջավայրին: Մեկ տարի առաջ ՀՀ-ում քաղաքական գործունեություն սկսելու մտադրության մասին հայտարարած, ապա դրա մտքից սահուն կերպով հրաժարված կամ հրաժարեցված գործարարը վատ քողարկված նեղսրտվածությամբ ասել է.«Ես ցավում եմ, էդ ընտրությունները, որ դուք շանս ունեիք եւ դուք, չգիտեմ, ոնց եք օգտագործել: Կա հիմա նոր նախարարներ, կա նոր վարչապետ, ճի՞շտ ա: Ձեւավորվում ա նոր կառավարություն, ընտրություններ ենք անցկացրել: Հիմա մենք բոլորս պետք է ստեղծենք մեխանիզմ իրենց խոստումների կատարմանը: Սա էլ ա ռեֆորմ, որ հասարակական կազմակերպությունները, թղթակիցները ընդհանրապես հսկում են իրանց ասածները: Եթե մեկը ասել ա՝ ես հարյուր դոլար պետք ա ներդրեմ, որ ասեք՝ բա անցավ էդ ժամանակը, Դուք խոսք էիք տվել, ի՞նչ եղավ»:
Լրագրողներին ուղղված Աբրահամյանի այս հորդորը անպատասխան չթողնելով՝ նախ թերեւս արժի այդ հարցը ուղղել հենց իրեն՝ մեծն գործարարին, ով 2008թ. Սերժ Սարգսյանի՝ ներդրումներ անելու կոչին ի պատասխան՝ բաց նամակով խոստացավ ՀՀ-ում կատարել ոչ թե հարյուր, այլ ամբողջ 150 միլիոն դոլարի ներդրում: Որն է պատճառը, որ Արա Աբրահամյանն այդպես էլ չկատարեց իր խոստումը: Ու թեեւ երեկվա ճեպազրույցում նման հստակ հիշեցում չեղավ, այդուհանդերձ, Աբրահամյանը նշեց, որ ՀՀ-ում ներդրումային պայմանները բարենպաստ չեն. «Հարյուր տոկոսով ոչ… Ես հիմա մտածում եմ որպես բիզնեսմեն: Ինչո՞ւ պետք ա գամ, էստեղ ներդրում անեմ, որտեղ կա վտանգ, որ ես կարամ իմ փողը կորցնեմ… Ես, որպես հայ մարդ, հայրենասեր, մենք դա պետք ա հաշվի առնենք, բայց դրա հետ միասին մենք բոլորս հասկանանք, որ եթե մենք բոլորս գանք, ինչ-որ կիսատ-պռատ բաներ անենք, մենք էլ չենք կարող լինել այն բիզնեսմենները, որ կանք: Մեզ պետք ա միասնական մոտեցում լինի»:
Այսպիսով՝ Արա Աբրահամյանը բացահայտ կերպով մեղադրում է Սերժ Սարգսյանին, ում պաշտոնավարման շրջանում արմատավորվել է անպիսի մի համակարգ, երբ արտերկրից ներդրումներ կատարող գործարարները, անգամ հայազգի, կանգնած են իրենց փողը կորցնելու վտանգի առջեւ: Ընդ որում, նկատենք, որ սա այն քիչ դեպքերից է, երբ Արա Աբրահամյանի ասածները ոչ միայն ընկալելի են, այլեւ անհերքելի: Ուշագրավ է, որ Աբրահամյանն իր քննադատության սլաքը ուղղում է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ կառավարության ներկայիս ղեկավարի դեմ՝ այս դեպքում մեղադրելով իր ծառայություններից բավականաչափ օգուտ չքաղելու մեջ: Մասնավորաես անդրադառնալով իր ղեկավարած միության կողմից երեկ կազմակերպված միջոցառմանը՝ նա նշեց. «Ռուսաստանի ամենախոշոր բանկերից մեկի տնօրենը՝ Գերման Գրեֆը, դահլիճում նստած էին տասնհինգ հոգի, մարդ էլ չկար, որ խոսար իրանց հետ: Դա դժբախտություն ա, դա ցույց ա տալիս իշխանությունների աշխատանքը»:




Լրահոս