ՄԱՆԴԱՏԻՑ ԱՌԱՋԻՆ ՀՐԱԺԱՐՎԱԾՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապագա խորհրդարանի պատկերն արդեն ուրվագծվում է: Երեկ հայտնի դարձավ ԿԸՀ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած պատգամավորի թեկնածուների ցանկը: Այսօր՝ ժամը 15:00-ին, ԿԸՀ-ն նիստ կգումարի եւ կքննի այդ դիմումները, կկազմի արձանագրություն ԱԺ պատգամավորներ գրանցելու եւ մանդատներ տրամադրելու մասին: Սակայն մինչեւ ԿԸՀ նիստը թեկնածուները դեռ կարող են ինքնաբացարկ հայտնել, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, մանդատից հրաժարվելու համար սահմանված վերջնաժամկետ չկա: Իսկ ովքեր պատգամավոր գրանցվելուց հետո կորոշեն ինքնաբացարկ հայտնել, ապա արդեն կգործի ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված ընթացակարգը, եւ տվյալ անձը մանդատից հրաժարվելու դիմում կներկայացնի արդեն խորհրդարանի նախագահին:

Եւ այսպես՝ ամենաշատը ինքնաբացարկ ներկայացրել են «Ծառուկյան» դաշինքից՝ 23 հոգի, 9-ը՝ ՀՀԿ-ից եւ 3-ը՝ ՀՅԴ-ից: Հատկանշական է, որ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակի ներկայացուցիչներից պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինքնաբացարկ են հայտնել, իսկ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վերադառնում է խորհրդարան, ամենայն հավանականությամբ, ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Մեր աղբյուրները նաեւ տեղեկացրին, որ ԱԺ նախագահի պաշտոնն էլ, ամենայն հավանականությամբ, զբաղեցնելու է Էդուարդ Շարմազանովը: Նոր խորհրդարանում կրճատվելու է մշտական հանձնաժողովների քանակը: Առայժմ դրանց թվի վերաբերյալ վերջնական որոշում չկա, սակայն փաստ է, որ մի քանի առանցքային համարվող հանձնաժողովներ, այնուամենայնիվ, շարունակելու են գործել: Դրանցից մեկը բնականաբար ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն է, որի նախագահ հնարավոր է՝ լինի նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, իսկ եթե նրան նշանակեն արդարադատության նախարար, ապա ԱԺ հանձնաժողովը կգլխավորի Կորյուն Նահապետյանը: Այս պաշտոնի հավանական թեկնածուների թվում նշվում է Հրայր Թովմասյանի անունը, սակայն նա խորհրդարանում կարճ կմնա. ամենաուշը մինչեւ տարեվերջ Թովմասյանը կնշանակվի Սահմանադրական դատարանի անդամ՝ փոխարինելով Կիմ Բալայանին, որի 70-ամյակը կլրանա հոկտեմբերի 15-ին (նշենք, որ ՍԴ անդամները պաշտոնավարում են մինչեւ 70 տարին լրանալը): Իսկ ահա ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվելու է ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:
Մյուս առանցքային հանձնաժողովը, որ լինելու է, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն է. դրա ղեկավար կնշանակվի Սամվել Ֆարմանյանը, իսկ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահի համար ՀՀԿ կանայք թեժ պայքարի մեջ են: Հավանաբար կմիավորվեն տնտեսական ոլորտի հանձնաժողովները՝ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները, որոնց ղեկավար կարող է նշանակվել Գագիկ Մինասյանը: Ինքնաբացարկ հայտնածների թվում չկա ՀՀԿ ցուցակի 4-րդ համարը՝ Արա Բաբլոյանը, սակայն նա առաջիկայում դիվանագիտական աշխատանքի է անցնելու Շվեյցարիայում. առայժմ հայտնի չէ՝ նա այսօր կներկայացնի դիմումը, թե ավելի ուշ որպես պատգամավոր հրաժարական կտա: Նշենք, որ ամենատարեց պատգամավորը Բաբլոյանն է եւ եթե մանդատ ստանա, նա կվարի ԱԺ առաջին նիստը, եթե ոչ, այդ գործը կվերապահվի Գալուստ Սահակյանին: Մեր աղբյուրների պնդմամբ՝ նոր խորհրդարանի կազմի վերաբերյալ քիչ թե շատ հայտնի է այսքանը:
Վերադառնանք ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկներին. մանդատից հրաժարվածների թվում է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ կմնա գործադիրում, Արտակ Զաքարյանը, որ նշանակվելու է պաշտպանության փոխնախարար: Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը. ի հեճուկս վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նա շարունակելու է աշխատել գործադիրում, իսկ ռեյտինգային կարգով պատգամավոր կդառնա ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը:
Պատգամավոր չի դառնա ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ Սամվել Սանամյանը. նա ցանկանում է վերադառնալ նախկին պաշտոնին: Մանդատից հրաժարվել է Կարեն Բոթոյանը, որն էլ հավանաբար նշանակվի Գեղարքունիքի մարզպետ, նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ինչպես օրեր առաջ տեղեկացրել էինք, հրաժարվել է խորհրդարան գալուց՝ գերադասելով պաշտոնը:
ՀՅԴ-ական երեք գործող նախարարները՝ Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանն ու Արծվիկ Մինասյանը, ինքնաբացարկ են հայտնել. նրանք շարունակելու են պաշտոնավարումը որպես նախարարներ:
Շատ ավելի խոսուն է «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկ ներկայացրածների ցուցակը: Միայն նշենք, որ մեր տեղեկություններով՝ քաղաքական ուժերից շատերն իրենց թեկնածուներից ինքնաբացարկի դիմումները «հավաքել են» դեռ առաջադրումների փուլում՝ պարզապես բաց թողնելով ամսաթիվը եւ հիմա լրացնում են ամսաթիվն ու այն ներկայացնում ԿԸՀ: Իսկ մինչ այդ ներկայացնենք երեկվա դրությամբ պատգամավորի մանդատից հրաժարված թեկնածուների ցանկը:
ՀՀԿ
Սարգսյան Վիգեն
Մարգարյան Տարոն
Ամիրյան Արմեն
Զաքարյան Արտակ
Սահակյան Արման
Բոթոյան Կարեն
Սանամյան Սամվել
Առուշանյան Առուշ
Հակոբյան Վահե
«Ծառուկյան» դաշինք
Զուրաբյան Արարատ
Մանուկյան Արթուր
Ադամյան Սամվել
Բագրատյան Սերգեյ
Պողոսյան Վազգեն
Ազիզյան Նապոլեոն
Դավթյան Հրանտ
Կարապետյան Վահան
Ղարագյոզյան Հարություն
Սուքիասյան Մանուկ
Խաչատրյան Լյովա
Մանուկյան Խաչիկ
Ավետիսյան Արմեն
Սաղաթելյան Մուշեղ
Մամոյան Արթուր
Եղիկյան Ալիկ
Աբովյան Արման
Ծառուկյան Արտյոմ
Հովսեփյան Մարգարիտա
Առաքելյան Նարինե
Կեսոյան Արայիկ
Առաքելյան Կարեն
Ալեքսանյան Սամվել Ժորայի
ՀՅԴ
Լոքյան Դավիթ
Մկրտչյան Լեւոն
Մինասյան Արծվիկ

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԱՄՈԹԱԼԻ ՍԿԱՆԴԱԼ
«Ծառուկյան» դաշինքը լուրջ սկանդալի մեջ է հայտնվել: Երեկ ԿԸՀ-ն հրապարակել է պատգամավորի մանդատից հրաժարված թեկնածուների անունները: Բայց պարզվում է՝ «Ծառուկյան» դաշինքի՝ «մանդատից հրաժարված» թեկնածուներից ոչ բոլորն են իմացել, որ իրենք ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Մասնավորապես «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը, ում անունն ինքնաբացարկ հայտնած թեկնածուների շարքում էր, ասել է, թե ինքը մանդատից հրաժարվելու դիմումի մասին առաջինը լրագրողներից է տեղեկացել: «Հաստատ ես չեմ գնացել ԿԸՀ,- ասել է նա եւ հավելել,- գնալու եմ ԱԺ, բա էլ ինչի համար էի պայքարում»:
Մանդատից հրաժարված թեկնածուների մեջ կար նաեւ Նապոլեոն Ազիզյանի անունը, բայց նա էլ ասել է. «Մանդատից հրաժարվելու իմ դիմումը ֆանտաստիկայի ժանրից է, չեմ հրաժարվել, չեմ էլ հրաժարվելու»: Ու ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքում ինչ-որ անձինք միանձնյա որոշում են կայացրել եւ այդ թեկնածուների փոխարեն դիմումներ են գրել, ԿԸՀ ներկայացրել, կամ էլ պարզապես ժամանակին այդ մարդկանցից համապատասխան դիմումներ են վերցրել ու հիմա դրանք ներկայացնում են ԱԺ. երկու դեպքում էլ կատարվածն ամոթալի է, մեղմ ասած: Հետաքրքիր է՝ այսօր ինչպես կվարվի այդ դիմումների հետ ԿԸՀ-ն՝ ունենալով թեկնածուների՝ լրատվամիջոցներով հայտարարությունները, թե իրենք ինքնաբացարկ չեն հայտնել:

 

 

ԱԱԾ-Ն ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՁԵՌՔ ԲԵՐՈ՞ՒՄ
Ազգային անվտանգության ծառայությունում «Իգլայի» գործով երեկ հերթական հարցաքննությունն է իրականացվել: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ հարցաքննվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը: Իսկ թե կոնկրետ ինչ հացեր են տվել իրավապահները Սանասար Գաբրիելյանին, մեզ պարզել չհաջողվեց, սակայն ակնհայտ է մեկ բան, որ տեւական ժամանակ ԱԱԾ որեւէ քննչական գործողություն չէր իրականացնում, եւ երեկվանից սկսել է այդ գործընթացը: Այս հանգամանքը ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ մայիսի 24-ին լրանում է գործով կալանավորված անձանց երկամսյա կալանքի ժամկետը, եւ ըստ էության ժամկետը լրանալուց հետո ԱԱԾ-ն կա՛մ պետք է դիմի դատարան կրկին նրանց կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ, կա՛մ փոխի խափանման միջոցը: Ենթադրվում է՝ նրանք կընտրեն առաջին տարբերակը: Միայն թե միջնորդության մեջ պետք է ապացույցներ լինեն, որոնք հիմք կհանդիսանան, որ դատարանը բավարարի միջնորդությունը, եւ ահա, ըստ ամենայնի, ԱԱԾ-ն այս քայլին է գնացել ապացույցների ձեռքբերման նպատակով:

 

 
ՆԻՍՏԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Ազգային ժողովի՝ մայիսի 2-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը համարվում է չկայացած:

 

 

ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը չի բացառում, որ կուսակցությունը կարող է սկսել փողոցային պայքար՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար: «Մեզ համար հարազատ է նաեւ փողոցային, հրապարակային պայքարը, մանավանդ գիտենք, որ էլի մեր ասելիքի մեջ մենք մենակ ենք: Իսկ այդ ասելիքը կարեւոր է, անհրաժեշտ է մեր երկրի համար խիստ: Ոչ թե ժամանակի խնդիր է, այլ այսօրեական խնդիր է, եւ մենք զբաղվելու ենք մեր խնդրով: Մեր ժողովուրդը պետք է վերջապես պրագմատիզմի հողի վրա կանգնի: Այսպիսի խորհրդարանով, այսպիսի իշխանությամբ չես կարող դիմակայել այն լուրջ մարտահրավերներին, որ մեր երկրի առաջ մշտապես կանգնած են: Առավել եւս՝ հիմա: Հիմա ոչ թե մարտահրավեր, այլ վտանգ է ուղղակի», – «Ազատությանն» ասել է խաղաղության ծրագրով Աժ ընտրություններին մասնակցած եւ պարտված ուժի ներկայացուցիչը:

 

 

ԿԱՐԵՎՈՐ Է
Ֆրանսիայի համար կարեւոր է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում տնտեսական կապերի զարգացումը: Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: «Հայ-թուրքական հարաբերությունների առաջնահերթություններից պետք է լինի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը»,- ասել է դեսպանը:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Սոչիում երեկ կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ մինչեւ հանդիպման պաշտոնական մեկնարկը Պուտինը Մերկելին առաջարկել է քննարկել Ուկրաինայի եւ Սիրիայի հարցը։ Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կանցլերին հնարավորություն գտնելու եւ Ռուսաստան ժամանելու, ինչպես նաեւ Համբուրգում նախատեսված Մեծ քսանյակի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին ծանուցելու համար։ Մերկելը իր հերթին Պուտինին առաջարկել է քննարկել նաեւ իրավիճակը Լիբիայում։

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է
Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Խաչատուրովը ազատվել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնից: Ապրիլի կեսերից Խաչատուրովը զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:




Լրահոս