Լևոն Մկրտչյանն այցելել է «Գլաձոր» համալսարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Գլաձոր» համալսարանում մայիսի 12-ին տեղի է ունեցել բուհի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Բուհի ռեկտոր Գագիկ Ջհանգիրյանը շնորհակալություն է հայտնել նախարարին նիստին մասնակցելու համար՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակը կրթության ոլորտում էական նշանակություն ունեցող բարձրագույն կրթության որակին առնչվող հիմնախնդիրների քննարկումն է:

Նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել բուհի ողջ անձնակազմին՝ շեշտելով, որ «Գլաձոր» համալսարանն առաջին բուհերից մեկն է, որը, ըստ նախարարի, Հայաստանում փորձեց կայացնել ոչ պետական բուհական համակարգը: «Երկիրն ունի լիարժեք կրթական համակարգ, եթե առկա են նաև որակ ապահովող ոչ պետական բարձրագույն ուսհատատություններ:

«Գլաձոր» համալսարանն իր պատմության ընթացքում անցել է դժվարությունների միջով, սակայն կարողացել է պահպանել իր որակը: Այս համատեքստում շատ կարևոր է, որ բուհի հիմնադիրը, դասախոսն ու ուսանողը գիտակցում են համալսարանի առաքելությունը: 25-ամյա անկախության ճանապարհին մենք կարողացել ենք ձևավորել մեր ազգային կրթական համակարգը: Որդեգրելով եվրոպական կրթական համակարգը՝ մենք մոտեցել ենք բարեփոխումների երկրորդ փուլին, երբ արդեն ունենք միջազգային չափանիշներին համապատասխան ձևաչափ, և եկել է ժամանակը՝ այն լցնել համապատասխան բովանդակությամբ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ներկայումս ընթացող բարձրագույն կրթության բարեփոխումների ծրագրում առանձնացվել են մի քանի սկզբունքներ՝ գիտելիք, հմտություններ և դաստիարակություն:

«Բարեփոխումների համատեքստում պետք է հստակեցվեն նաև համալսարանական կրթության համակարգը, ֆինանսավորման մեխանիզմները, ուսանողակենտրոն կրթությունը: Վերջինիս կապակցությամբ ցանկանում եմ շեշտել, որ պետք է ապահովել ուսանողների շարժունություն նաև երկրի ներսում, և բուհերը պետք է բացեն իրենց լաբորատորիաները, գրադարանները, առհասարակ, իրենց ռեսուրսները բոլոր ուսանողների համար՝ այսպիսով մոտենալով ցանցային համալսարանների գաղափարին: Սա իր հերթին ենթադրում է եռանկյունի՝ բուհ, գիտական հաստատություն, մասնավոր հատված:

Բացի այդ, Հայաստանը բարձրագույն կրթության ոլորտում պետք է որդեգրի սոցիալական պատասխանատվության խնդիր, և կրթությունը պետք է մատչելի լինի սոցիալական բոլոր շերտերի համար»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ առկա է նաև ՀՀ վարչապետի հանձնարարական՝ սահմանված ժամկետներում անցկացնել բուհերի առարկայական հավատարմագրում:

Ելույթից հետո ներկաները նախարարին ուղղել են մի շարք հարցեր: Մասնավորապես, վերջիններս հետաքրքրվել են, թե պետությունն ինչպիսի ուշադրություն է դարձնում հիմնարար գիտությունների զարգացմանը, հասարակագիտական առարկաների կարևորությանը, ուսանողների համար գիտությամբ զբաղվելու մատչելիությանը, պետական աջակցությանը երիտասարդ գիտնականների ծրագրերին և այլն:




Լրահոս