ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում այս անգամ չկա «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն, որը նախորդ տարի 278-րդն էր. այն ժամանակ այս ընկերությունը վճարել էր մոտ 85,6 մլն դրամ հարկ: Հատկանշականն այն է, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ը խոշոր հարկատուների ցանկից դուրս մնաց պետականացվելուց հետո, երբ բաժնեմասերն ամբողջությամբ «նվիրեց» Երեւանի քաղաքապետարանին: Խոշոր հարկատուների ցանկից դուրս մնալու պատճառն էլ ընկերության՝ հասույթի նվազումն է եղել: Այժմ իրենք Երեւանի «կարմիր գծերի» համար մատուցած ծառայությունների դիմաց քաղաքապետարանից ստանում են կոնկրետ գումար, ինչը բավական քիչ է. «Նախկինում քաղաքապետարանում կայանատեղիից հավաքվում էր x միավոր, ընկերությունը դրանից ստանում էր y միավոր գումար, հիմա ստաբիլ ֆիքսված է, որ ընկերությունը ստանալու է z գումար»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը:
Միայն թե, նկատենք, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ի պետականացումից հետո Երեւանի քաղաքապետարանը կոռուպցիայի լրացուցիչ հնարավորություն է ստանում. բանն այն է, որ այլեւս քաղաքապետարանն է տնօրինում կայանելու համար վճարվող գումարներն ամբողջությամբ ու շատ հանգիստ կարող է մեքենաների մի մասից ստացված գումարը ցույց չտալ կամ իրենց յուրայիններին արտոնություններ տալ՝ անվճար կայանելու հնարավորություն ընձեռելով: Չէ՞ որ եթե նախկինում քաղաքապետարանը վերահսկում էր «Փարկինգ սիթի սերվիս»-ին, ապա հիմա Տարոն Մարգարյանի ղեկավարած հիմնարկն ինքն իրեն չի վերահսկի եւ ինքն իրեն նման շռայլություններ կարող է թույլ տալ: Այս փաստը հատկանշական է այն իրողության ֆոնին, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ը նախկինում պատկանում էր ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, հիմա ամբողջությամբ դարձել է Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցինը:
Նախօրեին, երբ ԿԸՀ-ն հրապարակեց պատգամավորական մանդատից հրաժարավելու դիմում ներկայացրած թեկնածուների ցանկը, «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից մի քանիսը հայտարարեցին, թե իրենք ինքնաբացարկի որեւէ դիմում չեն ներկայացրել եւ որ այդ մասին առաջինը լրատվամիջոցներից են իմանում: Երեկ ԿԸՀ նիստում «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուներից 12-ը հայտարարեցին, որ չեն հրաժարվում իրենց մանդատից: ԿԸՀ որոշմամբ այդ թեկնածուներից 8-ը մանդատ կստանա՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Վահան Կարապետյանը: Մյուս 4 թեկնածուների՝ Մուշեղ Սաղաթելյանի, Ալիկ Եղիկյանի, Մանուկ Սուքիասյանի եւ Հրանտ Դավթյանի ինքնաբացարկի դիմումները չեղյալ համարվեցին, բայց քանի որ նրանք անցողիկ տեղերում չէին, մանդատ չեն ստանա: «Ծառուկյան» դաշինքը այդպես էլ չի մեկնաբանել տեղի ունեցածը, կատարվածի վերաբերյալ շրջանառվում են ամենատարբեր վարկածներ: Ի դեպ, ըմբոստացած թեկնածուներից Խաչիկ Մանուկյանի եւ Նապոլեոն Ազիզյանի հարազատները լրատվամիջոցներին ահազանգել են, որ իրենց տների մոտ կասկածելի մեքենաներ են կայանված, եւ իրենք վախենում են հաշվեհարդարից:
«Ելք» դաշինքի անդամներից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ նոր խորհրդարանը նախորդներից ավելի քիչ քաղաքական է եւ իշխանության կողմից ավելի հեշտ կառավարվող: «Դրա հիմնական մեղավորները իշխանություններն են, որոնք այդպես էլ չհասկացան, որ թե՛ Հայաստանում առաջացած խնդիրները եւ թե՛ Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրները լուծել հնարավոր է միայն ժողովրդի հետ համագործակցելով, ժողովրդի մասնակցությամբ, արդար ընտրություններով իշխանություն ձեւավորելով»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նա: Միաժամանակ պարոն Սարգսյանն ուշագրավ գնահատական է հնչեցրել վարչապետ Կարեն Կարապետյանի կես տարվա գործունեությանը. «Ես Կարեն Կարապետյանին գնահատում եմ որպես ժիլետով մարդ, ուրիշ որեւէ կերպ չեմ գնահատում: Ինչքան ուզում եմ իրենից ինչ-որ բան հիշել, հիշում եմ հարվածային գործիքները եւ ժիլետը»:
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ վերջին ընտրություններում ընտրախախտման փորձ արածներից շատերը հայտնվել են խաբված վիճակում: Ընտրախախտման փորձերի առթիվ քրեական գործեր են հարուցվել, այդ մարդկանց մեղադրանք առաջադրվել, բայց կուսակցությունները, որոնց օգտին իրենք գնացել են այդ քայլին, լվացել են ձեռքերն ու չեն փորձում «նվիրյալ ընտրակեղծարարներին» որեւէ կերպ աջակցել, անգամ փաստաբանի ծախսերը չեն փորձում հոգալ: Իսկ մինչ այդ նկատենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրախախտումների վերաբերյալ հարուցվել է 19 քրեական գործ, որից միայն 12-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերի համար, 3 գործ էլ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար:
ԱՌԱՆՑ ՀՈՎԱՆՈՒ
Երեկ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր վերջին 28 տարիներին Հայաստանում ամենաշատ ներդրումներ կատարած երկրների ցուցակը: Ընդհանուր առմամբ կատարվել է 6 տրիլիոն 278 մլրդ դրամի, կամ ներկայիս փոխարժեքով հաշվարկելու դեպքում՝ մոտ 13 միլիարդ դոլարի ներդրում: Պաշտոնական ցուցանիշների վրա հիմնված այդ ցուցակի առաջին հորիզոնականում՝ 37 տոկոս ցուցանիշով կամ 2 տրիլիոն 282 մլրդ դրամի ներդրումներով, Ռուսաստանի Դաշնությունն է: Երկրորդ տեղում՝ 647 մլրդ դրամ ներդրումներով, Գերմանիան է, երրորդում՝ Ֆրանսիան՝ 505 միլիարդ դրամ ցուցանիշով: Ուշագրավ է, որ ԱՄՆ այդ ցուցակում զբաղեցնում է ընդամենը ութերորդ տեղը՝ Արգենտինայից եւ Կանադայից հետո, կատարված 210 միլիարդ դրամի ներդրումներով: Առավել մտահոգիչ է, սական, մեկ այլ ցուցանիշ՝ ՀՀ-ի համար ռազմավարական կարեւորություն ունեցող հարեւան երկիրը՝ Իրանը, անցած 28 տարիներին կատարել է ընդամենը 3,3 միլիարդ դրամի ներդրում, որը կազմում է ընդհանուրի 0,05 տոկոսը միայն: Էլ ավելի պակաս են Վրաստանի, Բելառուսի, եւ Ղազախստանի ցուցանիշները: Այս թվերը լավագույնս ցույց են տալիս ՀՀ նախորդ բոլոր իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության պատկերը, որը, մեղմ ասած, տխուր է: Բացառապես սյուզերեն երկրի՝ Ռուսաստանի կատարած ներդրումների հույսին մնացած ֆորպոստ, որի` եվրոպական երկրներից ստացած ներդրումներն էլ հիմնականում հանքարդյունաբերական ոլորտում են արվել, ինչը, ցավոք, բացի մեր երկրի ընդերքի թալանումից՝ որեւէ դրական մուլտիպլիկատիվ էֆեկտ չի ունեցել:
Աշխարհի խոշորագույն տնտեսություններից՝ Չինաստանից ներգրավված 0.1 տոկոսի ներդրումները եւս չափազանց խոսուն են եւ ցույց են տալիս, որ մեր իշխանությունները բոլոր ժամանակներում, բացի խոսելուց եւ հանուն իրենց իշխանության պահպանման, մեր երկրում այս կամ այն հզորությունը անհամեմատ էժան գնով ռուսներին կամ ամերիկացիներին /ավելի քիչ/ զիջելուց՝ աշխատատար, սակայն հեռանկարային ներդրումային քաղաքականություն չեն վարել: Հակառակ դեպքում գոնե հարեւան երկրներից Իրանի հետ նման տխուր պատկեր չէր լինի, առավել եւս պարբերաբար տարփողվող հայ-իրանական տարբեր «աշխարհացունց» նախագծերի ֆոնին՝ հայ-իրանական երկաթուղի, Արաքսի վրա ՀԷԿ, նավթավերամշակման գործարան եւ այլն, եւ այլն:
Եվ զարմանալի է, որ գլոբալ նախագծերում ձախողված ՀՀ իշխանությունները վերջին երկու տարիներին ամեն կերպ փորձում են տարբեր երկրներում աշխատող օտարերկրյա դիվանագետներին այդ խնդրով ծանրաբեռնել` մոռանալով, որ նրանք ոչինչ չեն կարող անել, քանի որ այլեւս բոլորի համար հայտնի իրողություն է, որ Հայաստանում ներդրումները կարող են լինել արդյունավետ եւ պաշտպանված՝ բացառապես երկրի ղեկավարի կամ նրա ընտանիքի անդամների «բարձր» հովանու ներքո: Իսկ լուրջ տնտեսական կառույցները դժվար թե ցանկանան կռանալ այնքան, որ տեղավորվեն նման հովանու տակ: