ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Հաճնի բնակիչ Վախթանգ Մարգարյանի սպանությունը, պարզվել էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վախթանգ Մարգարյանի դին հայտնաբերվել է 2017 թվականի մարտի 28-ին՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 46 տան դիմաց կայանված «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ գլխի շրջանում հրազենային 2 վնասվածքով։
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 235-րդ հոդվածների հատկանիշներով, մշակվել քննչական պլան և իրականացվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ Վ.Մարգարյանի սպանությունը բացահայտելու ուղղությամբ։
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը դեպքի օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հանդիպել է համադասարանցու հետ և միասին իր ավտոմեքենայով գնացել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղ: Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Վ.Մարգարյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքները պատճառվել են համադասարանցու կողմից արձակված կրակոցների հետևանքով։
Քննիչը որոշում է կայացրել՝ տուժողի համադասարանցուն՝ 1971 թվականին ծնված տղամարդուն, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Լուսանկարը` shamshyan.com-ի: