ՌԴ-Ի ՀԱՄԱՐ ԱՅԼ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնած՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը: Բանակցություններն անցել են եռակողմ ձեւաչափով, իսկ այնուհետեւ արտգործնախարարներին են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Ռիչարդ Հոգլանդը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Հանդիպման մասին հրապարակված պաշտոնական հաղորդագրություններում տեղեկատությունը շատ սուղ էր: Մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները նման բովանդակությամբ տեքստ էին հրապարակել: «Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում 2016 թվականի մայիսին եւ հունիսին կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ»:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը, սակայն, կարծում է, որ Ադրբեջանը կշարունակի չկատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի որ կոնֆլիկտի հարցում դիրք ունեցող առաջնային խաղացողները զբաղված են այլ հարցերով: Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը ռուս քաղաքագետն անարդյունավետ համարեց՝ միաժամանակ ընդգծելով, թե ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան առհասարակ դրա բացակայությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
-Պարո՛ն Սկակով, օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: Ինչպիսի՞ արդյունքներ կան:
-Գիտեք, ցանկացած հանդիպում, ցանկացած շփում ավելի լավ է, քան դրանց բացակայությունը: Եվ թեկուզ այսպիսի երկխոսությունները լավ են, սակայն ուղիղ իմաստով օգուտներ եւ արդյունքներ սպասել պետք չէ: Դրանք ռեալ չեն, այդ պատճառով կա փաստ. կա երկխոսություն, դա լավ է, բայց արդյունքներ սպասելը ֆանտաստիկայի ժանրից է:
-Բայց ինչո՞ւ լուրջ արդյունքներ չեն կարող լինել:
-Քանի որ կողմերը հակված չեն զիջումների եւ դրա համար հիմքեր չկան: Բացի ներքին ֆակտորից, չկա նաեւ նրանց ցանկությունն ու ուժը՝ զիջումների գնալու:
-Հանդիպումից հետո գրեթե տեղեկատվություն չհրապարակվեց: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր դրա պատճառը:
-Քանի որ չկան արդյունքներ, հենց այդ պատճառով էլ քիչ տեղեկատվություն է հրապարակվել:
-Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի կատարում Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ՀՀ-ի կողմից կրկին հանդիպման գնալը ճի՞շտ որոշում էր:
-Ցանկացած հանդիպում դրական է: Իհարկե, ավելի լավ է հանդիպել, բանակցել, քան թե առհասարակ դրանցից հետ մնալ: Ցանկացած պարագայում Հայաստանը չի կարող դառնալ այդպիսի հանդիպումների ընդդիմախոսը: Պետք է հանդիպել, քննարկել, բանակցել եւ միեւնույն ժամանակ ունենալ սեփական դիրքն ու տեսակետը:
-Իսկ կարո՞ղ ենք ակնկալել, որ Ադրբեջանը երբեւէ կկատարի այդ պայմանավորվածությունները:
-Ես կարծում եմ, որ հիմա նման բան ակնկալել պետք չէ: Հիմնական խաղացողները զբաղված են այլ հարցերով, այսինքն՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր են, օրինակ, Սիրիայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի իրավիճակները, քան Ղարաբաղը: Տվյալ պարագայում Ղարաբաղի հարցը հետնապահների թվում է, եւ առանց առաջնային խաղացողների ճնշման արդյունքներ չեն կարող լինել:
-Նշանակում է, որ Ռուսաստանն այժմ այնքան հետաքրքրված չէ՞ Ղարաբաղյան կոնֆլիկտով, որքան նախկինում:
-Ռուսաստանը հետաքրքրված է, սակայն դա չի հանդիսանում առաջնային: Ռուսաստանի համար այլ բազմաթիվ կարեւոր հարցեր կան: Ես կարծում եմ, որ այս ֆոնին ՌԴ-ի համար դժվար է Ադրբեջանին պարտադրել ինչ-որ բան անել: Առավել եւս, որ ՌԴ-ի գործընկերներ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն առհասարակ չեն ցանկանում այս հարցում որեւէ բան անել: Նրանց համար Արցախը հետնապահ հարց է, եւ մտադիր չեն ոչինչ անել:
-Այդ դեպքում ի՞նչ սպասել սահմանին, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը շարունակում է սպառազինություններ գնել Ռուսաստանից:
-Կարծում եմ, որ հիմա իրավիճակն ավելի վերահսկելի է: Ապրիլյան պատերազմի կրկնություն պետք չէ սպասել, քանի որ այն բանից հետո, երբ ՌԴ-ն մեծ քանակությամբ լավ սպառազինություն տվեց Հայաստանին եւ դա ցուցադրվեց, դրանից հետո Ադրբեջանն արդեն առավել ուշադիր է: Ադրբեջանը զենք շարունակում է գնել ոչ միայն ՌԴ-ից, այլ նաեւ այլ երկրներից:
-Թուրքիան եւս շահագրգռված չէ՞ նոր պատերազմով:
-Կարծում եմ՝ Թուրքիայի համար Ղարաբաղը լուրջ թեմա չի հանդիսանում: Թուրքիան իր խնդիրները ունի. դա Սիրիան է, Էրդողանի իշխանության պահպանումն է, եւ նրանք զբաղված չեն լինի այնպիսի հարցերով, որոնք կարող են ՌԴ-ի դուրը չգալ: Թուրքիայի համար այժմ կարեւոր է ՌԴ-ի հետ լավ հարաբերությունները պահպանելը: Իսկ միացյալ զորավարժությունները պետք չէ կարեւորել. դրանք նաեւ տարիներ առաջ են եղել եւ մշտապես էլ լինում են:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 
«ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանել իր ենթակայության տակ գտնվող «Գեոէկոնոմիկա» ընկերությունը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ աճուրդը տեղի կունենա մայիսի 29-ին: Ի դեպ, ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը կմասնավորեցվեն դասական աճուրդով: Նշենք, որ ընկերության բաժնետոմսերի քանակը կազմում է 200 հատ, իսկ մեկ բաժնետոմսի արժեքը կազմում է 10 հազար դրամ: Ընկերության բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 3 մլն 977 հազար 900 դրամ: Հավելենք, որ ներկայումս ընկերությունը գործունեություն է ծավալում:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերության կրեդիտորական պարտքերը գնումների գծով կազմում են 224 հազար 500 դրամ: Իսկ կրեդիտորական պարտքերը աշխատավարձի եւ աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 4 մլն 502 հազար 500 դրամ:
«Գեոէկոնոմիկա» ընկերությունը իրականացնում է գիտահետազոտական, գիտագործնական եւ նախագծային, այդ թվում` օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրություններ: Ընկերության ակտիվների գնահատված արժեքը կազմել է ավելի քան 65 մլն դրամ, իսկ պարտավորությունների գնահատված արժեքը` ավելի քան 61 մլն դրամ: Ընկերությունն ունի ցուցակային գրանցված 22 եւ փաստացի 15 աշխատող: «Գեոէկոնոմիկա» ընկերության մասնավորեցման արդյունքում նախատեսվում է պետական եւ ՏԻՄ բյուջեներում եկամուտների ավելացում: Ի դեպ, ընկերության գույքի գումարի 70 տոկոսը պետք է ուղղվի ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ Երեւանի քաղաքապետարան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
«ՅՈՒՔՈՄՆ» ԱՊՕՐԻՆԻ ԱԼԵՀԱՎԱՔ Է ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ
«Յուքոմ» ընկերությունը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն գյուղում ապօրինի ալեհավաք է շահագործում: 2016թ. այդ ընկերությունը ցանկացել է գյուղապետարանի բակում ալեհավաք կառուցել: Բագրատաշեն համայնքի ավագանու անդամները պատրաստակամություն են հայտնել ալեհավաքի համար նախատեսված տարածքը «Յուքոմին» վարձակալությամբ տալու կամ աճուրդով վաճառելու շուրջ: «Յուքոմ» ընկերությունը հայտնել է, որ ցանկանում է տարածքը ոչ թե վարձակալել, այլ գնել: 2016թ. հունիսի 20-ին Բագրատաշեն համայնքի ավագանին որոշում է ընդունել ալեհավաքի համար նախատեսված 90 քառակուսի մետր տարածքը աճուրդով վաճառել՝ այդ տարածքի վաճառքի մեկնարկային գին սահմանելով 1 միլիոն դրամը: «Յուքոմ» ընկերությունում, սակայն, համարել են, որ նշված տարածքի համար 1 միլիոն դրամը մեծ գումար է, եւ հրաժարվել են այն գնել: Չնայած դրան, այդ ընկերությունը Բագրատաշենի գյուղապետարանի բակում 35 մետր բարձրությամբ ալեհավաք է կառուցել: Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանից տեղեկացանք, որ 2 ամիս առաջ «Յուքոմի» ալեհավաքին էլեկտրական հոսանք է միացվել, եւ այժմ ալեհավաքը գործում է:
2016թ. սեպտեմբերի 18-ին կայացել են խոշորացված Այրում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ, Բագրատաշեն գյուղն ընդգրկվել է Այրում համայնքի կազմում: Արկադի Մակյանն ասաց, որ մոտ 10 օր առաջ «Յուքոմի» ներկայացուցիչը հանդիպել է խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանին: Այդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի այդ ընկերությունը վարձակալի ալեհավաքի տարածքը: Բագրատաշենի վարչական ղեկավարն ասաց, որ «Յուքոմը» ցանկանում է այդ տարածքը ցածր գնով վարձակալել, սակայն իրենք դրան դեմ են: Այդպիսով` «Յուքոմը» ապօրինի կերպով ալեհավաք է կառուցել, այն անօրինական կերպով շահագործում է, սակայն համապատասխան մարմինները, որոնք ըստ օրենքի պետք է տեսնեին ապօրինի կառույցը եւ դրա անօրինական գործունեությունը, չեն արձագանքում: Իսկ «Յուքոմը» օրենքը լավ գիտի, եթե դա իր շահերից է բախում: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ներկայումս բազմաթիվ քաղաքացիական գործեր են քննվում: Դրանց հայցվորը «Յուքոմն» է, հայցերը վերաբերում են ֆիզիկական անձանցից գումարների բռնագանձմանը: 2016թ. մարտի 31-ին «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն վերակազմակերպվել, միացել է «Յուքոմ» ՍՊԸ-ին. «Օրանժի» մատուցած ծառայությունների դիմաց գումարները գանձելու նպատակով մի քանի տասնյակ հազար դրամների համար «Յուքոմը» դատի է տվել սահմանամերձ Տավուշի բազմաթիվ բնակիչների:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս