Իմ բոլոր տեսահոլովակների, ձայնագրությունների համար ընտանիքս է վճարել. Սոնա Ռուբենյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ սուպեր-սթար», «Պրեմիերա» երաժշտական նախագծերի հաղթող, երգչուհի Սոնա Ռուբենյանը, որը վերջերս Լոնդոնում մասնակցել է համերգի, «Ժողովուրդ»-ին պատմել է այդ քաղաքին սիրահարվելու, իր եւ Գարիկ Պապոյանի առաջիկա ծրագրերի եւ սպասվելիք անակնկալների մասին: Նա տեղեկացրել է, որ համատեղ համերգային ծրագրերը շուտով կընդլայնվեն: Սոնան անդրադարձել է նաեւ երգարվեստի միջոցով փող աշխատելու թեմային` նշելով, որ ֆինանսական հարցերով զբաղվում է իր ընտանիքը:

-Սոնա՛, տեղյակ եմ, որ վերջերս Մեծ Բրիտանիայում էիք, կպատմե՞ք Ձեր շրջագայության, Լոնդոնում ունեցած համերգի մասին:

-Ապրիլի 23-ին Լոնդոնի հայ համայնքում մասնակցեցի «Կորած հոգիներ» խորագիրը կրող համերգի, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության եւ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Կատարեցի հայրենասիրական երգեր: Բացի համերգին մասնակցելուց` նաեւ հասցրեցի հրաշալի ժամանակ անցկացնել այդ քաղաքում, ուղղակի սիրահարվեցի Լոնդոնին: Եղա Սթինգի համերգին, ծանոթացա քաղաքի մշակութային կյանքին:

-Հիշում եմ Ձեր եւ Գարիկ Պապոյանի երեւանյան վերջին բացօթյա համերգներից մեկը, որի ժամանակ անձրեւ էր տեղում, բայց հավաքվածները չէին հեռանում: Նման անակնկալներ էլի կլինե՞ն:

-Իհարկե, սպասվում են համերգային հետաքրքիր ծրագրեր, մենք չենք սահմանափակվում հանրությանը արդեն հայտնի 20-25 երգերի մշակմամբ, Գարիկն անընդմեջ նոր երգեր է պեղում եւ գործիքավորում: Շուտով սպասվում են անակնկալներ` համերգների տեսքով, չեմ ուզում փակագծերը բացել, բայց կասեմ, որ ծրագրերն ընդլայնվելու են: Վերջերս էլ ներկայացրեցինք «Ամպի տակից ջուր է գալիս», Ինգա եւ Անուշ Արշակյանների «Հայաստան» երգերը` նորովի:

-Մի քանի օրից մեկնելու եք Մոսկվա` կրկին համերգային ծրագրի մասնակցելու: Կպատմե՞ք այդ մասին:

-Այո՛, մայիսի 14-ին կայանալիք համերգի խորագիրն է «Մեր մանկության տանգոն», որի ընթացքում հնչելու են խորհրդային ֆիլմերի ու մուլտֆիլմերի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ես կատարելու եմ երկու երգ Ռոբերտ Ամիրխանյանից:

-Երկրպագուները Ձեզնից տեսահոլովակի ակնկալիքներ էլ ունեն:

-Ինքս էլ «Արցախ» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու մեծ ցանկություն ունեմ, կուզեմ հենց Արցախում էլ նկարահանումներ իրականացնել, տեսնեմ` ինչպես կստացվի: Շարունակում եմ նաեւ երգեր գրել, որոնք քիչ-քիչ ներկայացնում եմ հանդիսատեսին:

-Դուք Ձեզ հայկական շոու-բիզնեսի մասնիկը համարո՞ւմ եք:

-Եթե ասեք` Հայաստանի պարագայում շոու-բիզնեսը որն է, կպատասխանեմ: Ես ուղղակի ուզում եմ, սիրում եմ երգել եւ երգում եմ: Առանց դրա կյանքս մեկ օր անգամ չեմ պատկերացնում: Շոու-բիզնես կա Ամերիկայում, որտեղ մարդիկ նախ շոու են անում, ապա` բիզնես:

Բայց եթե ես երգելու միջոցով գումար չեմ աշխատում, կամ աշխատում եմ շատ քիչ, ի՞նչ շոու-բիզնեսի մասին է խոսքը: Ես չեմ երգում այնպիսի երգեր, որոնց միջոցով Հայաստանում հնարավոր կլինի շատ գումար աշխատել: Այդ օրը երբեք չի էլ գա: Ես պարզապես անում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է:

-Այդ դեպքում ինչպե՞ս եք լուծում ֆինանսական խնդիրները, ինչպե՞ս եք, օրինակ, տեսահոլովակ նկարահանում:

-Իմ բոլոր տեսահոլովակների, ձայնագրությունների համար ընտանիքս է վճարել: Ես չեմ կարող նկարահանել մի տեսահոլովակ, որը եկամտաբեր կլինի եւ հիմք կծառայի, որպեսզի նկարահանվի հաջորդը: Իսկապես, շնորհակալ եմ ընտանիքիս աջակցության համար:

-Սոնա՛, եւ վերջում հետաքրքիր է` «Հայ սուպեր-սթար», «Պրեմիերա»նախագծերի մասնակիցների հետ կապը պահո՞ւմ եք:

-Իհարկե, մենք պարբերաբար շփվում ենք համերգների ընթացքում, վերջերս` մայիսի 9-ին, օրինակ, միասին հանդես եկանք տոնական համերգի շրջանակում, հաճախ ենք մեկնում նաեւ հյուրախաղերի, այնպես որ, մեր կապն անպայման պահում ենք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս