Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընկել է դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 5-ին ՀՀ Շիրակի մարզկենտրոն Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է Հրաչ Ստեփանյանից բռնագանձել 1 միլիոն 271 հազար 150 դրամ:
Չի բացառվում, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը դիմել է դատարան այն պատճառով, որ Հրաչ Ստեփանյանը չի կարողացել վճարել գույքահարկը։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ քաղաքապետները դատարանի միջոցով են փորձում քաղաքացիներից հետ ստանալ գումարները: Ապրիլի 22-ին գրել էինք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը եւս դիմել էր դատարան՝ պահանջելով, որ Արտաշատ քաղաքի բնակչուհի Մերի Սաֆարյանից բռնագանձեն 1 միլիոն դրամ: Պարզվել էր, որ Արտաշատի քաղաքացին չի կարողացել վճարել գույքահարկի գումարը: