Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ ոստիկանության նախկին շենքի բակում, հայտնվեց 2 տրակտոր: Հետո այդտեղ մնաց մեկ տրակտոր: Այդ փոքր տրակտորները պատկանում են Գագիկ Ծառուկյանին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար Մանուշ Նասիբյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ո՞ւմ է տրվել առաջին տրակտորը, ո՞ւմ է հատկացվելու երկրորդը: Մանուշ Նասիբյանն ասաց, թե չգիտի, հարկ է դիմել խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքից Տավուշի մարզի տարածքային թեկնածու Վարուժան Բաբաջանյանին:
Նկատենք, որ ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում նա ստացել էր 5014 ձայն: Ու թեեւ արդյունքը Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի տարածքային թեկնածուների մեջ առաջինն էր, սակայն բավարար չէր Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու համար: Խորհրդարանական ընտրություններից հետո՝ ապրիլ ամսին, տրակտորների հարցով դիմեցինք Վարուժան Բաբաջանյանին: Նա ասաց, որ տրակտորները նախկինում չեն ցանկացել ներկայացնել, որպեսզի դրանք չգովազդեն: Նոյեմբերյանում խոսակցություններ կան, որ ի սկզբանե դրանք նախատեսված էին Դեբեդավան եւ Լճկաձոր գյուղերի համար:
Սակայն Դեբեդավանի համար նախատեսված տրակտորը տրվել է Բագրատաշենին՝ Վարուժան Բաբաջանյանի հորեղբոր որդուն: Վարուժան Բաբաջանյանն ասաց, որ Դեբեդավանի մի բնակիչ ցանկանում էր այդ տրակտորը որպես անձնական նվեր ստանալ, տրակտորը ստացած բագրատաշենցին իր հորեղբոր որդին չէ, այլ տրակտորիստ մարդ է: Վարուժան Բաբաջանյանը հայտնեց, որ տրակտորներն անձնական սեփականություն չեն լինելու, գյուղացիները սոլյարկա եւ գյուղատնտեսական աշխատանքների վճար մուծելով՝ կարող են օգտվել տրակտորների ծառայություններից: Նա այդ ժամանակ ասաց, որ գյուղերի կարիքներն ուսումնասիրելուց հետո 2-րդ տրակտորն էլ կբաշխվի: Վարուժանը հայտնեց, որ այն, հավանաբար, կտրվի Լճկաձոր գյուղին:
Մեր այդ զրույցից գրեթե մեկ ամիս է անցել, սակայն նշված տրակտորն այդպես էլ կանգնած է նույն տեղում՝ ոստիկանության նախկին շենքի բակում:
Հավելենք, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի Ավագի ձոր տարածքում՝ միջպետական ավտոճանապարհի եզրին, կայանած էին Գագիկ Ծառուկյանի ուղարկած մեկ տասնյակից ավելի տրակտորներ: Թե դրանք հետագայում ո՞ւր տարվեցին, հայտնի չէ: Սակայն այդ տրակտորները չտրվեցին Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերին:
Ոսկան Սարգսյան
Տավուշ