ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երեւանի ավագանու ընտրություններին քվեարկել է հանուն կայունության: 9/21 ընտրական տեղամաս էր եկել առաջիններից մեկը, փոխանցում է «Ազատությունը»:
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի այն հայտարարություններին, որ այս օրերին ոստիկանները պետք է ՀՀԿ շտաբերի մոտ հերթապահեն, որպեսզի ընտրակաշառք չբաժանվի, ոստիկանապետն արձագանքեց. «Բոլոր շտաբերի մոտ էլ ուշադիր ենք՝ սկսած ՀՀԿ-ից, վերջացրած ծիրանի հա՞, «Երկիր Ծիրանիով»: Բոլոր տեղերում»:
Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ ոստիկանության ավտոմեքենաների լվացման ծառայություն մատուցող «Յուտեկ Ավտո» ՍՊԸ-ն պատկանում է իր փեսային՝ Սրթուր Գեւորգյանին, Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Այնքան բաներ են կապում, որ շատ ժամանակ իմաստ չունի ուղղակի դրա մասին խոսել, բացարձակապես ոչ մի կապ չկա: Եթե կբերեք փաստ, որ այդ ընկերությունը պատկանում է փեսայիս, ուրեմն այդպես էլ կա: Բամբասանքները չի կարելի մեկնաբանել: Աստված ձեզ օգնական»: