ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են «Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածուի՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբում Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպն արձանագրած տեսանյութերը:
Մանրամասն ուսումնասիրվել են հատկապես Ոստիկանության ծառայողների գործողությունները միջադեպի ընթացքում` կապված Զարուհի Փոստանջյանի նկատմամբ վերաբերմունքի, նրան բերման ենթարկելու փորձի հետ:
Այդ կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է, որ Ոստիկանության ծառայողները պարտավոր են հարգել մարդու իրավունքները, ցուցաբերել զսպվածություն ցանկացած քաղաքացու և հատկապես քաղաքական գործընթացի մասնակցի հետ շփման ընթացքում: Ոստիկանության ծառայողը պարտավոր է լինել հարգալից և անկողմնակալ: Սրանք օրենքով սահմանված՝ հանրության վստահությունն ապահովող պահանջներ են, որ ենթակա են պարտադիր կատարման: Այդ պահանջների կատարումը հատկապես կարևոր է հանրային ուշադրության ներքո գտնվող այնպիսի մի իրադարձության առնչությամբ, ինչպիսին Երևանի ավագանու ընտրություններն են:
Ոստիկանության ծառայողների գործողություններին վերաբերող բոլոր նյութերը Պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են և կուղարկվեն Ոստիկանություն՝ համապատասխան վարույթ սկսելու պահանջով: