ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոքր Հայաստանի մեծ աստղը. Матч ТВ-­ն նոր ֆիլմ է ներկայացրել Մխիթարյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Матч ТВ­-ն հերթական փաստագրական ֆիլմն է պատրաստել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-­ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Երևանից Մանչեսթեր՝ մի քանի կանգառներով. հայկական էքսպրես Հենրիխ Մխիթարյանը, որտեղ և ո՞վ է նրան սովորեցրել այսպես խաղալ. ֆիլմը պատմում է այս ամենի մասին, բացահայտում, թե որտեղ է առաջին անգամ ֆուտբոլ խաղացել Հենրիխը, ինչպես է սովորել դպրոցում:

«Արմենպրես»­ի փոխանցմամբ, ֆիլմի հեղինակներն այցելել են Երևանում գտնվող նրա տուն, զրուցել հարևանների հետ, իսկ այդ ամենում նրանց օգնել է Երևանի «Արարատ»-­ի նախկին կիսապաշտպան Աշոտ Սահակյանը: «Բոլորը սիրում են նրան, նա տաղանդավոր է բոլոր ասպարեզներում»,­- ասել է Սահակյանը:

Այնուհետև ֆիլմում ներկայացվում է Ուկրաինայի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում Մխիթարյանի հաջողությունները, անդրադառնում նրա՝ երգելու կարողություններին, տարբեր լեզուների տիրապետելուն: «Ես սիրում եմ լեզուներ սովորել և փառք Աստծո, ինձ հաջողվել է սովորել մի քանի լեզու»,-­ ասել է Մխիթարյանը:

Ֆիլմի հեղինակներն այցելել են նաև այն դպրոցում, որտեղ հաճախել է Մխիթարյանը, Երևանի «Փյունիկ»­-ի մարզադպրոցում, որտեղ ֆուտբոլի առաջին քայլերն է կատարել 28 ­ամյա կիսապաշտպանը:

«Հնարավոր է՝ պարադոքս է, բայց ես նրա հետ երբեք որևէ կոնֆլիկտ չեմ ունեցել, նրա հետ շատ հեշտ է, քանի որ նա պրոֆեսիոնալ է: Երբեմն ինձ հարցնում են, թե ինչումն է նրա ֆենոմենը, այո նա արագ, է, շատ լավ դրիբլինգ ունի, գոլեր է խփում, կատարում գոլային փոխանցումներ, բայց իմ կարծիքով՝ նրա ամենամեծ ֆենոմենը նրա փիլիսոփայությունն է, մենթալիտետը, բնավորությունը»,­- ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Նա նաև պատմել է, որ Մխիթարյանն ունեցել է կոնկրետ առաջարկ Մախաչկալայի «Անժի»­-ից, երբ թիմի գլխավոր մարզիչը Գուս Հիդինկն էր, բայց ընտրել է Եվրոպան և, Մինասյանի խոսքով, ճիշտ էլ արել է: «Մխիթարյանն ունի տեխնիկա, բնավորություն, տակտիկա և նախկին ԽՍՀՄ տարածքում նրանից լավ ֆուտբոլիստ չկա: Նա փոքր Հայաստանի մեծ աստղն է»,-­ նշել է ֆիլմի հեղինակը:




Լրահոս