Այսօր` մայիսի 15-ին, հայտնի դերասան, կատակերգու Աշոտ Ղազարյանի և երգիչ, երգահան Ներսիկ Իսպիրյանի ծննդյան օրն է:
Աշոտ Ղազարյան
Աշոտ Ղազարյանը ծնվել է Երևանում. նրա մի պապը Իգդիրից է, մյուսը` Էջմիածինից: Մասնագիտությամբ դերասան է, ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինսիտուտի «դրամատիկ թատրոնի և կինոյի դերասան» բաժինը:
Սիրած զբաղմունքը նկարելն է, կարդալ ևս շատ է սիրում: Դե իսկ թոռնիկների հետ զբոսանքը ամենահաճելին է նրա համար: Սիրված դերը, որը կատարել է Աշոտ Ղազարյանը, Վահրամ Սահակյանի հեղինակած «Բարեւ, ես մնում եմ»թատերական ներկայացումն է` արտագաղթի մասին: Աշոտ Ղազարյանն այդտեղ կատարել է փոստատարի դերը:
Ներսիկ Իսպիրյան
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի մշտական ուղեկիցը եղել է եւ մնում է ազգային երգը: Թեեւ երգարվեստը, պարարվեստը, ինչպես ինքն է նկատում, մշեցիներին փոխանցվում է գենետիկորեն, այնուամենայնիվ, շատ հնարավոր էր, որ մենք այսօր ճանաչեինք ոչ թե երգիչ, այլ բռնցքամարտիկ Ներսիկ Իսպիրյանին, քանի որ վերջինս հետաքրքրվել է այդ սպորտաձեւով: