Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը մերժեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, դաշինքի ներկայացուցիչները նախ հայտարարեցին, որ պատրաստվում են դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան, ապա եւ` չբացառեցին փողոցային պայքար մղելու տարբերակը:
Նկատենք, որ դաշինքի անդամներից Վարդան Մալխասյանը դեռեւս երկու շաբաթ առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է փողոցային պայքարը վերսկսեն, պատասխանել էր. «Անպայման, մենք կանցնենք նաեւ փողոցային պայքարի։ Դա պարտադիր է։ Եթե չկա ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանից փորձեց պարզել, թե ի՞նչ փուլում են գտնվում եւ ե՞րբ են պատրաստվում վերսկսել փողոցային պայքարը. «Դա կոնկրետ իրավիճակների հետ է կապված, կոնկրետ խնդրի հետ է կապված, որ պետք է ձեւակերպվի, մենք այդ քննարկումները կանենք, որոշումները կկայացնենք եւ մեր գործողությունները կանենք»,- ասաց Աբրահամյանը:
Դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ դա կոնկրետ քաղաքական օրակարգ է, որը պետք է մշակել.«Ռազմավարական առումով մեզ համար ամեն ինչ պարզ է, բայց գործողությունները տակտիկական քայլեր են նաեւ, չէ՞, կոնկրետ օրակարգ է պետք, օրակարգը պետք է ձեւակերպենք, որի շուրջ գործողությունները կազմակերպենք: Հո ինքնանպատակ չէ, պետք է հստակ լինի, թե մենք ինչ խնդիր ենք հիմա ուզում լուծել, եւ դրանից կախված կլինի ամեն ինչ»,- ասաց Աբրահամյանը:
Ճշտող հարցին` այսինքն՝ դեռեւս հստակեցված չէ՝ կլինի՞ փողոցային պայքար, թե՞ ոչ, Աբրահամյանը արձագանքեց. «Մենք դեռ այդ քննարկումները չենք ավարտել»:
Վահագն Հակոբյան