«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններն ավարտվեցին կանխատեսելի վերջաբանով. մասնակից երեք քաղաքական ուժերի մեջ փողի եւ իշխանական ռեսուրսների շնորհիվ հաղթանակ տարավ իշխող ՀՀԿ-ն. ճիշտ եւ ճիշտ խորհրդարանական վերջին ընտրությունների նման: Ըստ ԿԸՀ-ի՝ 240 հազար 36 հոգի (71.25 տոկոս) քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, 70 հազար 731 հոգի (21 տոկոս)` «Ելք» դաշինքի եւ 26 հազար 109 հոգի (7.75 ըոկոս)` «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին: Հատկանշական է, սակայն, մեկ այլ փաստ. այս ընտրություններին ցածր էր մասնակցության ցուցանիշը. ընտրել է քվեարկության իրավունք ունեցողների 41 տոկոսը` 345 հազար 158 հոգի:
Մինչդեռ ԱԺ ընտրությունների ժամանակ Երեւանում մասնակցել էր քվեարկության իրավունք ունեցողների 58.5 տոկոսը` 494 հազար 590 քաղաքացի: Տեղի ունեցածը վկայում է մեկ հանգամանքի մասին. հասարակությունը գնալով օտարվում է քաղաքականությունից եւ որեւէ հույս չի կապում քաղաքական գործընթացների հետ. երեւույթ, որին իշխանությունները հասել են տարիների հետեւողական աշխատանքի շնորհիվ:
Ու պատահական չէ, որ այսօր ընտրությունների արդյունքները տոնում է միայն իշխող կուսակցությունը, տոնում հրավառությամբ ու խրախճանքով՝ թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ այդ նույն օրը հերթական մահվան դեպքն էր գրանցվել հայկական բանակում, իսկ ԱԺ ընտրությունների օրը, հիշեցնենք, լրացել էր ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին տարելիցը: Բայց, դե, իշխանություններին այս ամենը չի հետաքրքրում, գլխավորը խրախճանքն է՝ թեկուզ եւ ժանտախտի ժամանակ: Իսկ ՀՀ ոստիկանությունը, ինչպես ավանդաբար, ուղտի ականջում քնած է. արգելված ժամին հրավառություն կազմակերպելու դեպքերի մասին ո՛չ լսում է, ո՛չ ահազանգ ստանում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: