Վաղը ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի համար ճակատագրական օր է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովորդ» օրաթերթի տեղեկություններով` ողջ ՀՀԿ-ում դեռեւս սպասողական վիճակ է, եւ բոլորը շունչները պահած` սպասում են իրենց «հոր»՝ Սերժ Սարգսյանի վերջնական որոշմանը:

ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ առանցքային պաշտոնների մասին վերջնական որոշումը կուսակցականներին հայտնի կդառնա վաղը՝ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ: Իսկ մինչ խորհրդի նիստը, նույն օրը ՀՀԿ-ն կգումարի գործադիր մարմնի նիստ եւ կքննարկի ԱԺ նախագահի եւ տեղակալների հարցը: Չնայած դեռեւս վերջնականապես հայտնի չէ, թե ով են լինելու ԱԺ նախագահը եւ տեղակալները, այնուամենայնիվ, ՀՀԿ-ի կուլիսներում Աժ նախագահի ամենահավանական թեկնածուն այս պահի դրությամբ համարվում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ նրա տեղակալներից մեկը՝ դեռեւես արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ինչպես հայտնի է՝ երեք փոխխոսնակների պաշտոններից մեկը ըստ օրենքի՝ տրամադրվելու է մեծությամբ երկրորդ քաղաքական ուժին, այս պարագայում «Ծառուկյան» դաշինքին: Ըստ տեղեկությունների՝ այս դաշինքի ԱԺ փոնախագահի թեկնածուն ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է:

Իսկ փոխնախագահի երրորդ պաշտոնը, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն կհատկացնի իր կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՅԴ-ին, որպես փոխհատուցում առաջիկայում ձեւավորվող գործադիրում եւս մեկ պորտֆել չավելացնելու համար: ԱԺ նախագահի դաշնակցական տեղակալը, ըստ ամենայնի, կլինի Արմեն Ռուստամյանը:

«Ծառուկյան» դաշինքը եւս վաղը կկատարի իր վերջին հստակեցումները: Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իրեն պատկանող «կանյաչնիում» հանդիպում կունենա իր խմբակցության ներկայացուցիչների հետ, եւ այդ ժամանակ էլ կորոշվի դաշինքին տրամադրվելիք հանձնաժողովների նախագահների անունները, ինչպես նաեւ՝ ութ ըմբոստների ճակատագիրը:

Վահագն Հակոբյան




Լրահոս