Ինչպես հայտնի է՝ մայիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով:
«Ժողովուրդ»-ը գրել էր նաև, որ իրավապահները ցանկանում են հասկանալ՝ զինվորը մահացել է զենքի հետ կանոնները խախտելո՞ւ արդյունքում, թե՞ ինքնասպան է եղել: Չի բացառվում, որ հետագայում այլ հանգամանքներ ի հայտ գան, ասել է, թե զինվորը ինքնասպան է եղել, քանի որ վերջին շրջանում դիրքերում մահացած զինվորների գործով ծառայակից ընկերներն են հայտնվում ամբաստանյալի աթոռին:
Այսօր արդեն ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքասպանության հատկանիշներով):
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կրտսեր սերժանտի մահվան դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, քրեական գործով ստացված նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ։