Նյութերը կուղարկվեն դատախազություն. Տիգրան Մուկուչյանը՝ «ցնդող» գրիչների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ «Ելք» դաշինքը վերահաշվարկի պահանջով դիմել էր տարածքային ընտրական հանձնաժողով: 7/1 ընտրատարածքի վերահաշվարկի ժամանակ կային բազմաթիվ քվեաթերթիկներ, որոնք առանց որևէ նշման էին: Դաշինքի անդամները հայտարարեցին, թե դրանք ցնդող գրիչներ են եղել, և միտում տեսան այդ ամենում:

Հասկանալու համար, թե ինչ կարգ է ենթադրում վերահաշվարկը, և ինչ կլինի այդ քվեաթերթիկների հետ, դիմեցինք ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով նշեց, որ անվավեր ճանաչված քվեաթերթիկների ճակատագիրն ամեն դեպքում որոշելու է տարածքային ընտրական հանձնաժողովը: Նրա խոսքով` այդ գրիչների՝ այնտեղ հայտնվելը կարող էր տարբեր միջոցներով լինել:

«Եթե նշում չի երևում, պետք է անվավեր ճանաչվեն: Հանձնաժողովն է գնահատում, ես չեմ տեսել, չգիտեմ՝ ինչ քանակ է: Ընթանում է վերահաշվարկ: Պետք է վերջանա, հասկանանք` ինչ է եղել, նոր կտրվի գնահատական»,- նշեց նա:

Մուկուչյանի խոսքով` նախկինում ևս ՏԻՄ ընտրություններից մեկի ժամանակ ցնդող գրիչների պատմություն է եղել: «Ուրիշ լուծում չկա. հանձնաժողովն է որոշում՝ ճանաչել վավեր կամ անվավեր: Եթե հնարավոր է պարզել, թե ում օգտին  է քվեարկած, համարվում է վավեր, եթե ոչ, ապա անվավեր: Գուցե ընտրո՞ղն է իր հետ բերել-թողել, չի լինի պարզել: Հազար բան կարող է լինել»,- հավելեց նա:

Մուկուչյանը նաև հայտնեց, որ զրուցել է ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի հետ, ով նշել է` բոլոր անվավեր քվեաթերթիկներն այդպես էլ մնացել է, և հանձնաժողովը որոշում է կայացրել նիստի ավարտից հետո այդ նյութերն ուղարկել դատախազություն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս