Ինչպես հայտնել էինք` Երևանի ավագանու ընտրության օրը` մայիսի 14-ին, թեկնածու Զարուհի Փոստանջյանի դստերը ոստիկանությունը բերման ենթարկելու փորձ էր արել, սակայն վնասվածքների պատճառով նրան տեղփոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ նախնական տվյալների` նա ստացել էր գլխուղեղի ցնցում:
ArmLur.am-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Լիլիթ Դրամփյանի առողջական վիճակի մեջ առանձնակի տարբերություն այս պահին չկա. «Ո՛չ լավ է, ո՛չ վատ»:
Հիշեցնենք, որ ընտրության օրը Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մտել էր Տարոն Մարգարյանի` Ավան վարչական շրջանի շտաբ: Նրանց նկատմամբ, Փոստանջյանի պնդմամբ, բռնություն էր գործադրվել նախ՝ ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետև՝ ոստիկանների կողմից: Փոստանջյանին փորձել էին բերման ենթարկել, սակայն ավարտին չէին հասցրել գործողությունը, իսկ նրա դստերը ոստիկանական մեքենայով տարել էին:
Լիդա Եղիազարյան