«Ելք» դաշինքն իր քաղաքական նպատակները չի նախանշում Շարմազանովի շաբլոն հայտարարությունների հիման վրա. ավագանու նորընտիր անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ թե՛ «Երկիր ծիրանի» եւ թե՛ «Ելք» դաշինքը գիտեին, որ քաղաքապետ է ընտրվելու Տարոն Մարգարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը «Ելք» դաշինքի նորընտիր ավագանու անդամ Անի Սամսոնյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրենք այդ գիտակցումով էին մասնակցում ընտրություններին. ««Ելք» դաշինքն իր քաղաքական նպատակները չի նախանշում Շարմազանովի շաբլոն եւ անգիր արված հայտարարությունների հիման վրա»,- ասաց Սամսոնյանը։

Ավագանու թեկնածուն  անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ թեկնածու Նաիրա Հայրապետյանի այն հայտարարությանը, որ ընտրություններին ընտրողների քիչ մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ մարդիկ գոհ են եղած վիճակից. «Նաիրա Նահապետյանին խորհուրդ կտայի որպես ավագանի դուրս գա իր սենյակից եւ շփվի երեւանցիների հետ։

Նա իր երեւակայական Երեւանի եւ երեւանցիների մասին է խոսում»,- ասաց Սամսոնյանը եւ նշեց, որ իրենց կարծիքով չմասնակցության դրդապատճառները տարբեր են` սկսած ընտրական պրոցեսի նկատմամբ անվստահությունից, մինչեւ նույնիսկ եղանակը։




Լրահոս