Կեղծիքների հարցում իշխանությունների «հնարամտությունը» սահմաններ չի ճանաչում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենի իշխանություններին այդպես էլ չհաջողվեց հեշտ ու հանգիստ, անաղմուկ կեղծել վերջին խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունները. այս օրերին հերթով ի հայտ են գալիս ընտրակեղծարարության մասին վկայող անհերքելի փաստեր: Համատարած ընտրակաշառք բաժանելուց եւ վարչական ռեսուրսի կիրառումից բացի` իշխանությունները վերահսկել են քվեարկության ընթացքը` որոշ տեղամասերում նույնիսկ աշխատեցնելով կարուսելի մեխանիզմ: Պատահական չէ, որ անվավեր ճանաչված քվեաթերթիկներից շատերը (իսկ դրանք տասնյակներով էին) խնամքով քվեարկած էին իշխող ՀՀԿ օգտին, բայց պարունակում էին լրացուցիչ նշումներ. մարդիկ խաչ քաշելով` փչացրել էին թերթիկները: Հազիվ թե քվեաթերթիկը փչացնել ցանկացող ընտրողը ՀՀԿ-ի դիմաց նշում անելուց հետո խաչ քաշեր դրա վրա: Ուրեմն գործել է կարուսել, եւ շատերը որոշել են ՀՀԿ-ին պատժել՝ փչացնելով իրենց տրված եւ նախապես ՀՀԿ օգտին քվեարկված թերթիկները:

Այս ընտրություններում կիրառված արտառոց մի մեխանիզմի մասին եւս երեկ բացահայտվեց. քվեարկության օրը որոշ տեղամասերում եղել են ցնդող գրիչներ. մարդիկ ընտրել են՝ նշում կատարելով իրենց նախընտրած կուսակցության օգտին, բայց ժամեր անց՝ ձայների հաշվարկի ժամանակ, ծրարներից դուրս են բերվել «չքվեարկված», մաքուր թերթիկներ: Այս ամենը պարզվեց երեկ, երբ «Ելք» դաշինքի պահանջով վերահաշվարկ կատարվեց 7/51 եւ 7/53 ընտրատեղամասերում: Եւ ահա, Մալաթիա-Սեբաստիայի թիվ 191 դպրոցում տեղակայված 7/51 տեղամասում օրվա ընթացքում դրված են եղել ցնդող գրիչներ, եւ զարմանալի զուգադիպությամբ՝ դրանցով քվեարկել են հիմնականում «Ելք» դաշինքի եւ «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին. համենայն դեպս, այդ «դատարկ» թերթիկների վրա երեւացել են նշումի խազեր այդ կուսակցությունների անունների դիմաց: Արդյունքում՝ ցնդող գրիչների «շնորհիվ» միայն այդ տեղամասում անվավեր են դարձել ավելի քան 100 քվեաթերթիկներ: Համաձայնեք՝ կեղծիքների հարցում իշխանությունների «հնարամտությունը» սահմաններ չի ճանաչում: Ու այսքանից հետո մնում է խղճալ ՀՀԿ-ին, որ նման էժանագին մեթոդներով է փորձում իր հաղթանակն ապահովել եւ շարունակել պաշտոնավարել»:

Ավելի մանրամասը՝  թերթի այսօրվա համարում




Լրահոս