Բանկոմատը վնասելու դեպքում թղթադրամները կներկվեն անջնջելի ներկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական բանկի այսօր կայացած խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ» կարգում, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում, «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոններում», «ՀՀ դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները, ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում:

ԿԲ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կատարված փոփոխությունների արդյունքում սպառողներն այսուհետ ավտոմատացված սարքավորումների միջոցով հնարավորություն կստանան օգտվել բանկային ծառայություններից շուրջօրյա ռեժիմով։

Բանկոմատներով և այլ ավտոմատ սարքերով գործարք կատարելը կլինի ավելի անվտանգ, քանի որ սահմանվել է, որ դրանք պետք է հագեցված լինեն տեսանկարահանման համակարգով, որը հնարավորություն կտա դիտարկել սարքին մոտեցած ցանկացած անձի դեմքը և գործողությունները, իսկ գործարք կատարելիս նաև՝ գումարը վերցնելու և/կամ մուտքագրելու պահերը՝ ապահովելով տեսագրվող նյութի պատշաճ որակը։

Միաժամանակ կնվազեն բանկոմատում առկա կանխիկ թղթադրամներն ապօրինի յուրացնելու փորձերը: Սարքի ամբողջականությունը անօրինական վնասելու դեպքում բանկոմատում գտնվող բոլոր թղթադրամները կներկվեն անջնջելի ներկով՝ դարձնելով այդ թղթադրամները օգտագործման համար ոչ պիտանի և անվճարունակ:




Լրահոս