Խստացում հաճախ բացակայող պատգամավորների համար. ինչ է ենթադրում նոր կանոնակարգ-օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ մայիսի 18-ին, գումարվելու է վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Ինչպես հայտնի է՝ վեցերորդ գումարման խորհրդարանն աշխատելու է ԱԺ նոր կանոնակարգով, որն էականորեն տարբերվում է նախկինից: Նախ ներկայացնենք, թե ինչ է սպասվում նիստի առաջին օրը, ապա կանդրադառնանք նոր կանոնակարգ օրենքի հետաքրքիր կետերին:

Վաղն առաջին նիստը վարելու է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը (ՀՀԿ), ով ամենաավագ պատգամավորն է: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվելու են այսպիսի բովանդակությամբ. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողը ՀՀ Ազգային ժողով ձեւավորելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես կհայտարարի Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները եւ կներկայացնի պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, որից հետո պատգամավորները կգրանցվեն:

Առաջին նիստի օրակարգում ընդգրկված են լինելու հետեւյալ հարցերը.

Հաշվիչ հանձնաժողովի ստեղծում,

ԱԺ նախագահի ընտրություն,

ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ,

Մշտական հանձնաժողովների ստեղծում,

Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ:

Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի՝ կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո` 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը եւ ժամը: Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ Խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ: Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

Ինչպես արդեն նշեցինք, նոր կանոնակարգ-օրենքով էական փոփոխություններ են եղել, որից մեկն էլ ԱԺ փոխնախագահների քանակի փոփոխությունն է: Այս խորհրդարանում կլինեն ԱԺ նախագահի երեք տեղակալներ, որից մեկն էլ կլինի ընդդիմության ներկայացուցիչ: Այս խորհրդարանում գործելու է խորհուրդ, որը կազմված է լինելու ԱԺ նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից: Խորհրդի լիազորություններից մեկն էլ ԱԺ հերթական նստաշրջանների եւ նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումն է: Խորհրդի նիստերը լինելու են հրապարակային, եւ, որպես կանոն, հրավիրվելու են Ազգային ժողովի հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրը:

Տեղեկացնենք, ԱԺ նոր կանոնակարգով Ազգային ժողովի հերթական նստաշրջանները տեղի կունենան երկու շաբաթը մեկ անգամ եւ կմեկնարկեն ժամը 10:00-ին: Հերթական նիստերը կլինեն քառօրյա, սակայն, ի տարբերություն գործող կանոնակարգի, հերթական նիստերը կմեկնարկեն երեքշաբթի օրը: Հերթական նիստի մեկնարկին նախորդող երկուշաբթի օրերը կհատկացվեն Ազգային ժողովի խորհրդի նիստերի գումարմանը, որի ընթացքում կհաստատվի քառօրյա նիստի օրակարգը: Սահմանվում է, որ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հայցով Սահմանադրական դատարան է դիմում Ազգային ժողովի խորհուրդը, ինչպես նաեւ՝ պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդը:

Նոր կանոնակարգով հետաքրքիր դրույթ է ամրագրվել պատգամավորի պարտականությունների շարքում: Մասնավորապես օրենքով սահմանված է, որ պատգամավորը պարտավոր է կազմակերպել քաղաքացիների ընդունելություն: Պատգամավորը պարտավոր է նաեւ ընդգրկվել առնվազն մեկ մշտական հանձնաժողովի կազմում, մասնակցել ազգային ժողովի, ինչպես նաեւ իր անդամակցած հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի նիստերին, մասնակցել իր անդամակցած հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներին, պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները: Նոր կանոնակարգով ընդլայնվում են նաեւ Ազգային ժողովի նախագահի լիազորությունները: Ազգային ժողովի նախագահը հանդիսանում է նաեւ նոր ձեւավորվելիք մարմնի՝ Ազգային ժողովի խորհրդի նախագահը:

Նշենք, որ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրել վարչապետի թեկնածու, կարգապահական պատասխանատվության ենթարկել իր անդամներին. ընդհուպ հեռացնել խմբակցությունից: Նոր կանոնակարգով խմբակցությունները Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող շաբաթվա ընթացքում պետք է նիստեր գումարեն եւ քննարկեն օրակարգային հարցեր, ինչպես նաեւ գալիք նիստերի ընթացքում քննարկվելիք հարցերը: Նոր կանոնակարգով նաեւ սահմանվում է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, որը նրան լիազորել է տվյալ հանձնաժողովում ներկայացնել խմբակցության շահերը:

Հավելենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը ուժի մեջ կմտնի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից, սակայն կան նաեւ որոշ անցումային դրույթներ: Անցումային դրույթները վերաբերում են ՀՀ նախագահի ընտրությանը, որն անցկացվում է հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Հանրապետության նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել նախագահի լիազորթյունների ավարտից ոչ շուտ, քան հիսուն օր եւ ոչ ուշ, քան քառասուն օր առաջ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս