Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, խնդիրներն ու անելիքները:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Կարապետյանին ներկայացրել է, մասնավորապես, քաղաքացիական պատրաստության միջոցով ազգային դիմակայության բարձրացման, աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման, բնակչության օգնության հասանելիության ապահովման ուղղությամբ կարողությունների զարգացման, միջազգային կայուն գործընկերության և այլ ուղղություններով տարվող աշխատանքները:
Այնուհետև նախարարի տեղակալները և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են ըստ իրենց համակարգման ոլորտների՝ սեյսմիկ պաշտպանության, ճգնաժամային կառավարման, լիցենզավորման, հիդրոօդերևութանաբանության, հակակարկտային պաշտպանության, փրկարար ծառայության կազմակերպման, տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, համապատասխան կառույցների գործունեության, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների մասին:
Նշվել է, որ այս համակարգերի շարունակական արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման դեպքում հնարավոր կլինի բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը, կրճատել ծախսերը և օպտիմալ կառավարում ապահովել: «Ժամանակակից կառավարումն ու ամբողջ աշխարհն ընդհանրապես խոսում է կառավարման սուբյեկտների, բիզնես գործընթացների թվայնացման մասին: Կարծում եմ, որ այդ գործում արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջադեմներից է և ակնկալում եմ ձեզնից համապատասխան առաջարկություններ՝ թուղթ ու գրիչով», – հարցի առնչությամբ ասել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով հակակարկտային պաշտպանության համակարգի արդյունավետության հարցին՝ վարչապետը հեռանկարային է համարել նախարար Դավիթ Տոնոյանի կողմից վերջերս կառավարություն ներկայացրած հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրումը. «Մենք այդ ուղղությամբ համարձակ պետք է գնանք, որովհետև համեմատական վիճակագրությամբ հրթիռային հակակարկտային համակարգի և այսօրվա գործող համակարգի միջև սար ու ձորի տարբերություն է:
Անկախ նրանից, թե դա ինչ ֆինանսական կարողություններ է պահանջում՝ այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ մենք գյուղատնտեսության մեջ կարող ենք ստանալ, անհամեմատելի է: Այդ առումով պիլոտային ծրագիրն անելու ենք և դրանից հետո համապատասխան գումարներ՝ 10-12 մլն ԱՄՆ դոլար էր նախնական ներկայացված, միանշանակ հատկացնելու ենք»: Կարեն Կարապետյանը հանձնարարել է գույքագրել առկա գազագեներատորային հակակարկտային կայանները՝ սեփականության ձևերից ելնելով, տեխնիկական վիճակը, տեղակայման նպատակահարմարությունը և կարգավորել ոլորտի նորմատիվ դաշտը:
«Պետք է բացառենք առանց ԱԻՆ հետ համաձայնության հակակարկտային կայանների տեղադրումը: Շատ կոշտ ձևակերպում եք, թե մեզ ինչ է պետք: Որովհետև այս բուտաֆորիան, որ մենք ունենք հակակարկտային համակարգ, որի էֆեկտը կրիտիկական դեպքերում, ձեր գնահատմամբ, 10 տոկոս է, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում: Մենք ակնկալում ենք ձեզնից շատ կոշտ կանոնակարգում», – նշել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է հնչած առաջարկությունները գրավոր ներկայացնել կառավարություն՝ նշելով, որ դրանք կքննարկվեն և համապատասխան արձագանք կստանան: «Արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացած նախարարություն է, և շատ մեծ աշխատանք է կատարված: Ձեզնից ակնկալում ենք ժամանակակից և խելացի կառավարում:
Մենք նախարարի հետ մինչ այս հանդիպումը խոսել ենք այսօր առկա մի քանի հնարավորությունների մասին, և ճիշտ, խելացի կառավարման դեպքում դրանց էֆեկտը շատ կլինի: Մենք ուշադրություն ենք դարձնելու զինվածությանը, ուսումնական ծրագրերին և բոլոր այն խնդիրներին, որոնք մեր գործընկերները բարձրացրեցին այսօր, որովհետև հասկանում ենք այս օղակի կարևորությունը», – եզրափակել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը եղել է նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության (ՓԾ) ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, որտեղ նրան մանրամասն ներկայացվել են կենտրոնի կառուցվածքը, առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները, տեխնիկական և ծրագրային հագեցվածությունը, զարգացման հեռանկարները:
Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է հակակարկտային համակարգում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի դերով և տեսավերահսկման համակարգի արդիականացման և առավել արդյունավետ օգտագործման հնարավորություններով: