ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «News.am» էլեկտրոնային լրատվական կայքի և Երևանի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումների հիման վրա:
Մասնավորապես, «News.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Փող են մտցրել Տարոն Մարգարյանի շտաբ. Փաշինյանը Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում է» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Երևան քաղաքի Կոմիտաս 56 հասցեում տեղակայված Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ այցելած Ն. Փաշինյանը հայտարարել է նույն օրը «ՍԱՍ» սուպերմարկետի ներքին ինկասացիայի աշխատակիցների կողմից հիշյալ շտաբ գումար տեղափոխելու, այնտեղ ընտրակաշառք բաժանելու կամ դա կատարել պատրաստվելու մասին:
Նույն օրն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում Ն. Փաշինյանը ներկայացրել է հիշյալ շտաբից դուրս բերված` ընտրողներին առերևույթ կաշառք տալու մասին վկայող փաստաթղթեր:
Այսպիսով, առերևույթ ընտրակաշառք տալու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: