Ֆունկցիաների մոտավորության տեսության հեղինակ Սերգեյ Նիկիտի Մերգելյանը ծնվել է 1928թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում: Նա հայ մաթեմատիկոս է, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1949թ.), պրոֆեսոր (1952թ.), ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1953թ.), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956թ.)։ Ավարտել է Երևանի համալսարանը (1947թ.), ՍՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան (1949թ., գիտ. ղեկավար՝ Մ. Վ. Կելդիշ)։
1949թ. Ս. Մերգելյանի ֆունկցիաների մոտավորության տեսությունը գնահատվել է որպես բացառիկ արժեքավոր հետազոտություն: 1951թ. գիտնականն ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։ «Մերգելյանի թեորեմ» և «Մերգելյանի բազմություններ» արտահայտություններն արժանացել են համընդհանուր ճանաչման և ընդգրկվել մաթեմատիկական գիտությունների գանձարանում։
Ս. Մերգելյանը եղել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս վերլուծության բաժնի հիմնադիրն ու ղեկավարը։ 1956թ. հայ գիտնականը հիմնել է Մաթեմատիկական մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտը: Այդ կերպ սկիզբ է դրվել Հայաստանում ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը։
Շնորհիվ Մերգելյանի տաղանդի Հայաստանն այդ ոլորտում դարձել է ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։ Նա այդ հաստատության առաջին ղեկավարն էր (1956-1960թթ.), և մինչ օրս ինստիտուտը նրա անունով էլ ժողովուրդը կոչում է Մերգելյան ինստիտուտ:
Եղել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահը, Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հաշվողական կենտրոնի հիմնադիրն ու առաջին տնօրենը, ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ամբիոնի վարիչը:
ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի։ Մրցանակը նրան է հանձնվել Լոս Անջելեսում, քանի որ այդ տարիներին նա մշտական բնակության էր տեղափոխվել ԱՄՆ։
Հայ մեծանուն գիտնականն ու մաթեմատիկայի ոլորտում նոր ուղղվածության հիմնադիրը մահացել է 2008թ. օգոստոսի 20-ին Լոս Անջելեսում։