ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով այսօր իրականացվել է Վալերի Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Ավետիսյանների փեսայի՝ Արթուր Կոշտոյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ամբողջ դատավարության ընթացքից իրենք դժգոհ են. «Այս պահի դրությամբ առաջնային խնդիրն այն էր, որ նա իր պատիժը կրեր Հայաստանում: Մեր կառավարությունը կարողանար ինչ-որ բան անել, որպեսզի նրան չտեղափոխեին, բայց ակնհայտ էր, որ նույնիսկ ցանկություն ունեցող մարդ չկար, որպեսզի այդ հարցով զբաղվեր»:
Նրա կարծիքով՝ ցանկության դեպքում ՀՀ իշխանություններն ամեն ինչ կանեին:
Հիշեցնենք` 2015 թվականի հունվարի 12-ին ողջ Հայաստանը ցնցվեց Գյումրիում տեղի ունեցած դաժան դեպքից: Այդ օրն առավոտյան սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին, իսկ նրանցից ամենափոքրը` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը, մահացավ մի քանի օր անց` հիվանդանոցում:
Դեպքից քիչ անց արդեն վերջնականապես հայտնի դարձավ, որ հիմնական կասկածյալը Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: Իրավապահները նրան ձերբակալեցին հենց այդ օրվա գիշերը, երբ վերջինս փորձում էր հատել հայ-թուրքական սահմանը: