2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը:
Դեպքի վայրի զննությամբ, ձեռնարկված անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանին հրազենային վնասվածքը պատճառվել է իր կողմից՝ իրեն ամրակցված ինքնաձիգով:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Գրիշա Կարապետյանը Վարդենիս քաղաքից էր: Ամուսնացած էր, ուներ երկու մանկահասակ երեխա:
Պայամանգրային զինծառայողին տեղացիները բնութագրում են որպես աշխատող, լավ համբավ ունեցող երիտասարդի:
Անդրադառնալով վերջինիս ինքնասպանության գնալու հանգամանքներին՝ նրա մտերիմները մեզ հետ զրույցում նշեցին, որ չեն կարող ասել, թե ինչը կարող էր նրան ստիպել, որպեսզի գնար այդ քայլին:
Չի բացառվում, որ նախաքննություն իրականացնող մարմինը քրեական գործ հարուցի ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին շրջանում զինված ուժերում նմանատիպ դեպքերի աճ է նկատվում:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ. Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները:
Լիդա Եղիազարյան