Կա մի բանակցային պրոցես, որում Հայաստանը շատ հստակ համաձայնություն է տվել ճանապարհի իր մասն անցնել. Վիգեն Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, նշելով, որ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ:

-Պարո′ն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածված հայտարարությունը:

-Ես կարծում եմ, որ հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ, այնուամենայնիվ, կա մի բանակցային պրոցես, որում Հայաստանը, ըստ էության, շատ հստակ համաձայնություն է տվել ճանապարհի իր մասն անցնել, այսինքն փոխզիջումների առումով: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ խոսքը գնում է 5 շրջանի փոխզիջելու պատրաստակամության մասին: Եթե, իհարկե, Ադրբեջանը համաձայնվում է ճանապարհի իր մասն անցնել:

Այսինքն Հայաստանը իր պատրաստակամությունը հայտնում է, իսկ Ադրբեջանը` ոչ: Ու ոչ միայն չի հայտնում, այլև փորձում է հնարավորինս շանտաժի լեզվով իր արածն անել, այդ թվում` ուժային մեթոդներով: Ադրբեջանը փորձում է Մինսկի խմբի միջազգային հանրության առաջարկվող սկզբունքը փոխարինել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևով, ոչ թե կարգավիճակ տարածքների դիմաց բանաձևով:

Կա աշխարհաքաղաքական կոնսենսունս այս հարցի շուրջ: Մենք տեսնում ենք, որ բոլոր գեոքաղաքական կենտրոնները և, մասնավորապես, Մինսկի խմբի երեք համանախագահները, համամիտ են և համագործակցում են:

-Արդյոք սա պայմանավորված է նաև հայկական դիվանագիտական գործունեության լավ աշխատանքով, ինչպես այսօր նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

-Դա պայմանավորված է հայկական դիվանագիտական փայլուն աշխատանքով  թե ոչ, գնահատականներ խնդիր է: Բնականաբար իշխանությունները այդպես էլ պետք է գնահատեին, որ դա Հայաստանի փայլուն դիվանագիտության արդյունքն է: Ես կարծում եմ այստեղ մեծ դերակատարում ունի միջազգային գեոքաղաքական կոնտրոկտուրան: Թեպետ ես չեմ ուզում հայկական դիվանագիտության աշխատանքները նսեմացնել:

Արփինե Թովմասյան




Լրահոս