Մայիսի 22-23-ը Երեւանի` Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում կընթանա մարզաձեւի Հայաստանի բաց առաջնությունը, որին կմասնակցեն ավելի քան 100 գեղասահորդներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Ուզբեկստանից:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հայտնեց, որ այդ օրերին Երեւանում կլինի Չմշկորդների միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը՝ Ռուսաստանից:
«Ալեքսանդր Ռաֆաիլովիչն առաջնության պատվավոր հյուրը կլինի: Նա կուսումնասիրի մեր ենթակառուցվածքները, կհանդիպի մարզիկների եւ մարզիչների հետ: Նրա խորհուրդները մեզ համար շատ օգտակար կլինեն»,-նշեց ՀԳՖ նախագահը:
Հանրապետության առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար գեղասահորդները` Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը: Կժամանի մենասահորդ Կոնստանտին Մելնիկովը (Ռուսաստան), որը Հայաստանի քաղաքացիություն է ստացել եւ հանդես է գալու մեր դրոշի ներքո:
Հանդիսատեսին անակնկալ է սպասվում, քանի որ ժամանելու է նաեւ Վազգեն Ազրոյանը, որը 2006 թվականի Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերում Անաստասիա Գրեբյոնկիանայի հետ, Հայաստանի դրոշի ներքո ելույթ է ունեցել զուգապարերում:
«Հիմա Ազրոյանը մարզչական աշխատանքով է զբաղվում: Նա Հայաստան կգա դստեր` Վիկտորյայի հետ: Պատանի գեղասահորդուհին 15 տարեկան է, Ֆիլիպ Խարիսովի հետ հանդես է գալիս զուգապարեր մրցաձեւում: Երեւանում մենք անձամբ կարող ենք տեսնել նրանց ելույթը»,- ասաց Մելանյա Ստեփանյանը:
ՀԳՖ նախագահի հրավերով Երեւան կժամանի նաեւ ՉՄՄ տեխնիկական մասնագետ Սարգիս Թեւանյանը՝ Լեհաստանից: Թեւանյանը կլինի առաջնության գլխավոր մրցավարը եւ մրցավարական սեմինար կանցկացնի: Մրցավարության համար ֆեդերացիան հրավիրել է նաեւ Վահիկ Ղազարյանին (Բարսելոնա) եւ Սիմոն Սիմոնյանին (Ավստրիա): Նրանք բոլորը գեղասահքի հայկական դպրոցի սաներ են: Նրանց կօգնի տեղացի մրցավար Էմիլ Դանիելյանը: Հայաստանում միայն նա միջազգային մրցաշարերում աշխատելու իրավունք ունի: