«ՀՀ Արարատի մարզի Արտաշատ ք. հ.4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մանկավարժական կոլեկտիվը դիմել է ArmLur.am-ին` տեղեկացնելով , որ մայիսի 15-ին տնօրեն Ն. Մուրադյանի պաշտոնավարման 5 տարին լրանալու առիթից օգտվելով` Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ազատել է նրան աշխատանքից և տնօրենի պաշտոնակատար նշանակել այլ դպրոցի մանկավարժի:
Այս հանգամանքը կաթվածահար է արել դպրոցի ողջ կոլեկտիվին, անդրադարձել ուսուցիչների և աշակերտների արդյունավետ աշխատանքին: Կոլեկտիվի խոսքով` Կառավարության այսօրվա գործունեությունը նպատակաուղղված է ուսումնական գործընթացի բարելավմանը, մինչդեռ մարզպետի այս որոշումը խաթարել է դպրոցի կանոնավոր աշխատանքը. ընդվզել են և՛ մանկավարժները, և՛աշակերտները, և՛ ծնողները:
Դպրոցի կոլեկտիվի կողմից ընտրված խումբը հանդիպել է մարզպետ Ա. Գրիգորյանի հետ և խնդրել, որ վերանայվի որոշումը և ուսումնական տարին ամփոփի Ն. Մուրադյանը որպես տնօրենի պաշտոնակատար, մանավանդ որ օրենքը այն չի արգելում: Սակայն վերջինս չհիմնավորելով դպրոցի տնօրենի պաշտոնակատար այլ անձի նշանակելու իր որոշումը, պնդել է, որ այն փոփոխելը անհնար է` հավելելով, որ ինքը գոհ է Ն. Մուրադյանի աշխատանքից և վստահ է, որ նա կհաղթի առաջիկայում կայանալիք մրցույթում և կշարունակի պաշտոնավարումը:
«Բայց մենք մտավախություն ունենք, որ Ն. Մուրադյանին տնօրենի պաշտոնակատար չնշանակելը ունի քաղաքական ենթատեքստ, և չի բացառվում, որ մրցույթի ժամանակ տնօրեն ընտրվի նորից իրենց կամայականությամբ»,- ասացին ուսուցիչները:
Նշենք, որ Ն. Մուրադյանը պաշտոնավարման տարիների ընթացքում իր արդար և անաչառ աշխատանքի շնորհիվ ձևավորել է աողջ կոլեկտիվ, բարձրացրել դպրոցի հեղինակությունը:
«Նա քաջատեղյակ է դպրոցական ողջ աշխատանքին և ունի այն ղեկավարելու մեծ հմտություն, նա սիրված և հարգված է թե’ մանկավարժների, թե’ ծնողական կոլեկտիվի, թե’ աշակերտների, թե’ համայնքի կողմից»,- եզրափակեցին նրանք: