Ադրբեջանը խնդիր է դրել կազմալուծել հայկական պետությունները. նա ի վիճակի չէ լուծելու որևէ խնդիր. Վաղարշակ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն առավոտ ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածում սահմանին տիրող իրավիճակի մասին՝ հայտնելով, թե արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը քանի անգամ է խախտել: Նկատենք, որ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու հետեւանքով շատ հաճախ ենք սահմանից գույժ ստանում զոհերի մասին:
Այդքանով, սակայն, Ադրբեջանը չի բավարարվում եւ ժամանակ առ ժամանակ ավելի է մեծացնում լարումը:

Oրինակ` մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ բացելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Սահմանային վերջին լարվածության, ռազմական նոր էսկալացիայի հավանականության եւ հայկական զինուժի հակազդեցության հնարավորությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, Ադրբեջանն իր հարձակվողական ու դիվերսիոն գործողություններով, հաճախ նաեւ դիպուկահարների գործադրմամբ փորձում է մեզ հյուծելու քաղաքականություն վարել։ Մինչեւ ե՞րբ պետք է պաշտպանվենք:

-Այո՛, փորձում է: Մենք չենք պաշտպանվում, ինչի՞ ենք պաշտպանվում: Մենք մեր խնդիրը ռազմաքաղաքական լուծել ենք, Ադրբեջանը հիմա պետք է լուծի իր խնդիրը: Նա իր կողմից խնդիր է դրել վերադարձնել ու չի կարողանում 25 տարի, ա՛յ, սրանից պետք է սկսել: Հիմա այդ ճանապարհով գնո՞ւմ է, այո՛, գնում է, որպեսզի վախի մթնոլորտ ձեւավորի, որը կազդի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որպեսզի գնան զիջումների այդ հարցի շուրջ, իմ կարծիքով՝ ռազմավարությունը դա է, դրա համար էլ նման գործողություններ է իրականացնում: Զոհվում են մարդիկ, մամուլը դա գրում է, ծնողները վախենում են բանակ ուղարկել, սա է: Ադրբեջանը խնդիր է դրել կազմալուծել հայկական պետությունները: Մենք շատ հստակ դրան պատասխանում ենք, եւ Ձեր հարցի պատասխանն էլ մեկն է, որ 25 տարի Ադրբեջանը չի կարողացել լուծել իր խնդիրը:

-Արդյո՞ք այս իրավիճակում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վարած քաղաքականությունը ճիշտ է:

-Ի՞նչ քաղաքականություն ենք վարում մենք: Պատերազմ է, ի՞նչ է նշանակում՝ զոհվում են, բա՞ ինչքան մարդ է իրենց կողմից զոհվում: Առաջինը, նորից եմ ասում, պատերազմն ավարտված չէ, ստորագրված է զինադադարի պայմանագիր: Եթե դուք հուշադիր հետեւեք, ապա Ադրբեջանում արգելված է զոհերի մասին գրել, որովհետեւ զոհերն ավելի շատ են: Որպեսզի իրենց հասարակությունը պանիկայի մեջ չընկնի, որպեսզի ապահովեն իրենց հասարակության բարոյահոգեբանական վիճակը, իրենք փակել են դա: Մենք այս իրավիճակում հաղթանակած ենք: Մենք պարտված չենք, այո՛, ափսոս, մենք ունենք զոհեր, բայց դա անխուսափելի է: Կա երկրորդ տարբերակը՝ գնալ զիջումների եւ հանձնվել, որը կբերի լայնածավալ պատերազմի, եւ զոհերն ավելի շատ կլինեն:

-Իսկ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորումը:

-Պետք է ստեղծվեն նախապայմաններ: Այսօր այդ նախապայմանները չկան, որպեսզի պայմանագիր ստորագրվի: Հարցը լուծված է մեզ համար, մենք պետք է ճշգրիտ ձեւակերպումներ տանք: Այո՛, ստորագրված չէ խաղաղության պայմանագիր, բայց այսօր չկան այդ նախապայմանները: Ադրբեջանական կողմը համաձայն չէ, դրա համար մեզ համար լուծումը մեկն է՝ ուժեղացնել մեր հասարակությունը, տնտեսությունը, որի արդյունքում կունենանք հզոր բանակ, որը կկանխի լայնածավալ պատերազմը եւ կստիպի Ադրբեջանին, որ համաձայնի ստորագրել խաղաղութան պայմանագիր:

-Դուք էլ եք կարեւորում տնտեսապես հզորանալը, սակայն գիտենք, թե ինչ վիճակում է մեր երկրի տնտեսությունը՝ հակառակ նավթագազային ռեսուրսներով հարուստ Ադրբեջանի տնտեսության: Այս պայմաննեում կկարողանա՞նք երկար դիմագրվել օրեցօր ավելի սպառազինվող ադրբեջանական զինուժին:

-Կյանքը ցույցը է տվել, որ կարող ենք եւ պայքարում ենք: Ադրբեջանը, ունենալով հնարավորություններ, ի վիճակի չէ լուծելու որեւէ խնդիր: Պատերազմում նա պարտվեց՝ ունենալով լրջագույն առավելություններ: Այո՛, մեր տնտեսությունն ավելի փոքր է, մենք չունենք նավթ, գազ, բայց մենք ունենք այլ ռեսուրսներ, որոնց շնորհիվ հաղթեցինք 94 թվականին եւ 25 տարի է՝ թույլ չենք տալիս, որ Ադրբեջանը լուծի իր խնդիրը:

Վահագն Հակոբյան




Լրահոս