«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ֆինանսական չարաշահումների գործով, ամենայն հավանականությամբ, որոշ անձինք կկալանավորվեն:
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նյութեր են նախապատրաստվել, որ Արարատի մարզային վարչությունում հայտնաբերվել են ֆինանսական խախտումներ` գումարների ավելցուկ եւ պակասորդ:
Մասնավորապես 2014-2017թթ.-ի վերոնշյալ վարչության ստորաբաժանումների աշխատակիցներից շատերը ավել գումարներ են ստացել, իսկ մի շարք աշխատակիցների աշխատավարձերից առանց հիմքերի պահումներ են կատարվել: Արդյունքում նշված երեք տարվա ընթացքում ոստիկանության 184 աշխատակից շուրջ 30 միլիոն դրամից ավել գումար է ստացել, իսկ 46 աշխատակցի ավելի քան 3,5 մլն-ի չափով պակաս գումարներ են վճարվել:
Այսպիսով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Ասել է, թե 2014 թվականին դատական դեպարտամենտում բացահայտված աղմկահարույց յուրացումների գործը շարունակական բնույթ է կրում, եւ նմանօրինակ դրսեւորումները մյուս գերատեսչությունների համար դաս չեն լինում:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սեւան Քոչարյանի հետ:
-Պարո՛ն Քոչարյան, Դուք 2010 թվականի ապրիլի 29-ից մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի 17-ը եղել եք ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի պետ, որից հետո նշանակվել եք ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնում: Ձեր ղեկավարած մարզային վարչությունում յուրացումներ են բացահայտվել, ինչպե՞ս կբացատրեք:
-Ես հիմա շատ խառն եմ, քննություն է կատարվում, կերեւա՝ ինչը ինչոց է, այս պահի դրությամբ ես իրավասու չեմ այլ բան ասել, քանի որ, կրկնում եմ, քննություն է ընթանում հատուկ քննչական ծառայությունում, իսկ ով մեղավոր է, բնականաբար, պատասխան է տալու:
-Դուք, որպես մարզի վարչության պետ, Ձեր մեղքի բաժինը կատարվածում չե՞ք տեսնում:
-Ո՛չ:
-Մեզ լուրեր հասան, որ որոշ պաշտոնատար անձինք վարչությունից եւ մարզային տարբեր ստորաբաժանումներից, հնարավոր է, կալանավորվեն, ո՞ւմ մասին է խոսքը:
-Չգտեմ, դա իմ իրավասությունների մեջ չի մտնում, այլ բան չեմ կարող ասել: