Որտեղի՞ց գյուղապետին 200 հազար դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի համայնքներից մեկի 38-ամյա ղեկավարը ոստիկաններին է դիմել` հայտնելով, որ Իջեւանի 36-ամյա մի բնակչուհի իրեն ներկայացել է որպես բարեգործակական մի կազմակերպության ներկայացուցիչ, շահել է իր վստահությունը եւ խոստացել իր համայնքում ենթակառուցվածքների բարելավման ծարագրեր իրականացնել՝ գյուղի ճանապարհը ասֆալտապատել, մանկապարտեզի շենքը վերանորոգել եւ այլն:

Ըստ գյուղապետի՝ այդ կինն իրենից պահանջել եւ ստացել է 200 հազար ԱՄՆ դոլար: Իջեւան քաղաքից ստացված տեղեկություններով՝ ոստիկանները քննել են կնոջը, ով հայտարարել է, որ գյուղապետից ստացել է 80 հազար դոլար, սակայն համայնքի ղեկավարը իրեն ստորագրել է տվել, որ ստացել է 200 հազար դոլար: 36-ամյա կինը ամուսնալուծված է, ունի 2 տարեկան երեխա: Այս պատմությանը ծանոթ մարդիկ զարմանում են, թե այդ կինը ինչպե՞ս է շահել համայնքի ղեկավարի վստահությունը, որ նա այդքան գումար է տվել վերջինիս: Հարց է ծագում, թե շուրջ 600 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարին որտեղի՞ց 200 հազար դոլար գումար: Համայնքի ղեկավարները համապետական ընտրությունների ժամանակ սովորաբար հանդես են գալիս որպես թեկնածուների եւ համայնքի բնակիչների միջեւ ընտրակաշառքի միջնորդներ եւ այդ ձեւով գումարներ են վաստակում:

Որոշ գյուղապետեր էլ հարստանում են, երբ իրենց համայնքում տարբեր ծրագրեր են իրականացվում, օրինակ՝ ջրագիծ է կառուցվում: Գյուղապետերն աչք են փակում ծրագրի ընթացքում շինարարական թերությունների, տեխնիկական խախտումների վրա, դրա դիմաց շինարարությունն իրականացրած կազմակերպության ղեկավարը «վարձահատույց է լինում» համայնքի ղեկավարին, ում ստորագրությունը դրվում է շինարարության ավարտական ակտի տակ: Բերդի տարածաշրջանի համայնքապետի դիմումի հիման վրա ոստիկանության Իջեւանի բաժնում նյութերի նախապատրաստումից հետո կորոշվի քրեական գործ հարուցելու հարցը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս