Ես ասել եմ՝ մարդասպաններին ազատե՞ք. Վիտալի Բալասանյանը` «Սասնա ծռերի» հետ տեղի ունեցածի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները բեռնատարով կոտրեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի դարպասները՝ ներխուժելով ներս, Հայաստանում քաոս սկսվեց: Իրավիճակն այնքան անկառավարելի էր, որ ՀՀ իշխանությունը ստիպված եղավ Արցախից «մարդ բերել»:

Եւ ահա այդ գործին լծվեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով իրապես բարձր հեղինակություն ուներ ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ զինված խմբի առաջնորդների մոտ, ուստի ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես ծրագրվել էր: Բալասանյանը խոստացավ միջնորդել, որ խմբի անդամները մեղմ պատիժ կստանան, եթե խաղաղ ու ինքնակամ հանձնվեն:

Զինյալները հանձնվեցին…
Սակայն իրադարձությունների զարգացումը Վիտալի Բալասանյանի դեմ եղավ, քանի որ նա իր տված որեւէ խոստման տեր չեղավ, ավելին՝ զինված հարձակման մասնակիցներին «պատվով» բանտ ուղարկելուց հետո Արցախում պաշտոն ստացավ՝ ԱԽՔ պաշտոնը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար:

Իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն էլ 2017 թվականի մայիսի 10-ին ավարտեց «Սասնա ծռերի» գործով նախաքննությունը եւ մեղադրական եզրակացությամբ այն ուղարկեց դատարան: Ընդ որում, գործով անցնող բոլոր մասնակիցների նկատմամբ առաջադրված մեղադրանքը բավականին խիստ է:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը բլից զրույց ունեցավ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:

-Պարո՛ն Բալասանյան, Դուք անցած տարի «Սասնա ծռեր» խմբի տղաներին խոստացաք զենքերը խաղաղ վայր դնելու դեպքում միջնորդ հանդիսանալ՝ նրանց պատիժը մեղմացնելու համար: Սակայն նրանց մասով գործը ավարտվել է, եւ բավականին խիստ պատիժներ նախատեսած գործը մտել է դատարան: Ինչո՞ւ խաբեցիք տղաներին:

-Ի՞նչ է նշանակում՝ իմ ասած խոստումը իրականություն չի դառնում, այսինքն՝ ես ասե՞լ եմ՝ մարդասպաններին պետք է շուտափույթ ազատե՞լ: Քրեական գործ է հարուցվել, քրեական գործերի շրջանակներում ե՛ւ դատախազությունը, ե՛ւ իրավապահ մարմինները, դատարանը կտան իրենց համարժեք գնահատականները: Ինչի՞ մասին է խոսքը, եթե ամեն մեկս մեր համար գնահատական տանք, ապա իրավապահ մարմիններին ինչո՞ւ ենք պահում:

-Խոսքը Ձեր խոստման մասին է: Դուք ի՞նչ արեցիք՝ նրանց պատիժը մեղմացնելու, հետեւաբար՝ Ձեր խոստումը պահելու համար:

-Մենք առաջին օրն ասեցինք, երբ զենքերը ցած կդնեք, մենք ամեն ինչ կանենք: Իմ հայտարարությունից հետո տեսեք՝ քանի հանցագործություն է կատարել այդ զինված խումբը, որը գտնվում էր ՊՊԾ գնդի տարածքում: Դրանից հետո եղել են սպանություններ, պատանդներ են վերցրել բժիշկներին, գույքի փչացում է եղել, ինչի՞ մասին է խոսքը: Այսինքն՝ մնան անպատի՞ժ նրանք, ովքեր հանցագործություն են արել:

-Պարո՛ն Բալասանյան, այնուամենայնիվ, մարդկանց դատում են ամենախիստ հոդվածներով: Դուք Ձեզ վատ չե՞ք զգում:

-Նորից եմ կրկնում Դուք մի հատ բացեք, նայեք, երբ առաջին անգամ մենք լրատվամիջոցների հետ հանդիպում ենք կազմակերպել եւ որոշել այն տեղը, որտեղ պետք է զինված խմբի անդամներն առանց զենքի մոտենային ու իրենց հայտարարություններն անեին, բայց զինված խմբի բոլոր անդամները խախտեցին բոլոր պայմանավորվածությունները: Լրագրողները հատեցին սահմանը, խառնվեցին այդ խմբի անդամների հետ, դրանից հետո սկսվեցին կրակոցները: Հիմա տեսեք՝ ով չի պաշտպանել այդ պայմանավորվածություններն, ու հարցերը ուղղեք համապատասխան մարդկանց:

Լիդա Եղիազարյան




Լրահոս