Հաշված օրերից ամառն այցի կգա մեզ` իր հետ բերելով տաք գույներ ու վառ տրամադրություն: Շատերս արդեն անհամբեր սպասում ենք սեզոնի փոփոխությանը, սակայն դեռ չենք պատրաստել մեր զգեստապահարանները: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հագուստի եւ աքսեսուարների ճիշտ ընտրություն կատարենք` նախապատվությունը տալով սեզոնի նոր թրենդներին: Այդ հարցում տեղին է դիմել մասնագետի օգնությանը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»ը զրուցել է ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ:
Գերիշխող կլինի 80-ականների շունչը
Այս ամռանը նորաձեւության ոլորտում գերիշխող կլինի 1980-ականների շունչը, մասնավորապես անհամատեղելի թվացող լուքերի համադրությունը: Աչքի կընկնեն կոմբինիզոնները, կողային գծերով տաբատները, որոնք կարելի է կրել ե՛ւ բարձրակրունկներով, ե՛ւ սպորտային կերպար կերտելիս: Նշյալ տաբատները հեշտ է միքսել տարբեր ոճերում: Ակտուալ կլինեն նաեւ լայն, ուղիղ կտրվածքներով վերնաշապիկները: Հավաքածուներում աչքի կզարնեն շիֆոնե թափանցիկ սվիտերները, որոնց տակից կարելի է կրել բարակ կանթերով զգեստներ` համատեղելով բոթասների հետ: Այդ ոճի սվիտերները կարելի է կրել նաեւ plise գործվածքով կիսաշրջազգեստի հետ: Առհասարակ, սեզոնին նորաձեւ են plise միդի կիսաշրջազգեստներն ու զգեստները:
Տղամարդկանց պահարաններից` կանանց պահարաններ
Ամռանը ուլտրամոդայիկ կլինի ֆուկսիան` մուգ վարդագույնը: Կշարունակվեն ակտուալ մնալ գունեղ, ծաղկային նախշերով զգեստները: Կարելի է ստանալ ամառային հետաքրքիր կերպարներ, որոնք կասոցացվեն հենց 1980-ականների հետ: Պայուսակներից մոդայիկ կլինեն ուսապարկերն ու փոքրիկ, պաստելային երանգներով մոդելները: Միշտ թրենդային են նուրբ ժանյակներով, գիշերազգեստ հիշեցնող սեւ, դասական զգեստները: Նորաձեւ կլինեն նաեւ արքայադստեր կիսաշրջազգեստ հիշեցնող լուքերը, որոնցով այսօր արդեն ներկայանում են առօրյայում: Դրանք կարելի է համադրել պոլո շապիկների հետ: Վերջիններս տղամարդկանց զգեստապահարանից հասան կանանց` կիրառվելով թե՛ որպես շապիկ, թե՛ որպես զգեստ: Կարելի է պահարանում ունենալ մի քանի գունեղ պոլոներ եւ բոթասներ ու արդյունքում դիտվել որպես սուպեր-նորաձեւ անհատ:
Թափանցիկությունը կխրախուսվի
Միշտ ակտուալ ջինսե տաբատները այս ամռանը կզիջեն իրենց դիրքերը ջինսե կիսաշրջազգեստներին: Նորաձեւ կլինեն դենիմ ժիլետները, մինչեւ ծունկ հասնող, քրքրած էֆեկտով անթեւ ժակետները, որոնք կարելի է կրել նուրբ զգեստների վրայից: Ամռանը ոճաբանների կողմից կխրախուսվեն թափանցիկ զգեստները` թե՛ բլուզների, թե՛ կիսաշրջազգեստների պարագայում: Մոդայիկ կլինեն նաեւ հովարով գլխարկները, մոռացված «կեպկաները»: Վերջիններս կարելի է համադրել դասականից մինչեւ սպորտային ոճի զգեստների հետ:
Բաց, բայց ոչ վուլգար
Այս ամռանը նորաձեւության գագաթնակետին կլինեն խալաթները, որոնցով կարելի է ներկայանալ դրսում` հանդես գալով տոնական եւ նույնիսկ գործնական լուքերով: Խոսքը բնական մետաքսից կարված նրբագեղ խալաթների մասին է, որոնց հետ էքսպերիմենտների սիրահարները կկրեն հետաքրքիր, մեծ ականջօղեր: Այդ խալաթների պարագայում ոտքերը փոքր-ինչ բացելն արդարացված կլինի:
Ամռանը գեղեցիկ կնայվեն նաեւ բաց ուսերը, ուստի ակտուալ կլինեն ուսերին «կանգնող» կամ խորը դեկոլտեով բլուզները: Առհասարակ, նոր սեզոնին կանայք կարող են իրենց թույլ տալ կրել բաց զգեստներ: Միայն թե պետք չէ մոռանալ գրագետ հագնվելու կանոնների մասին, եւ հարկավոր է բացել մարմնի մի հատվածը միայն` շեշտադրելով ներքեւի կամ վերեւի մասը: Այդ կերպ հնարավոր կլինի խուսափել վուլգարությունից: Եվ պետք է հիշել, որ ամենագեղեցիկը հագնված կինն է, բայց գրագետ հագնված:
Աննա Բաբաջանյան