Որտե՞ղ է Արթուրո Սայանը և ինչո՞վ է այժմ զբաղված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, ռեժիսոր Արթուրո Սայանը, ով հայտնի է «Փշրված իրականություն», «Քրմուհին» եւ այլ ֆիլմերից, հեռուստանախագծերից, հեռուստասերիալներից, տեւական ժամանակ է` բնակվում է Գերմանիայում: Վերջինս «Ժողովուրդ»-ին պատմել է, թե արտերկրում ինչով է զբաղված, որ դեպքում կվերադառնա Հայաստան եւ պատասխանել է հարցին, թե ինչպես ստացվեց, որ Արթուր Կարապետյան անուն-ազգանունը փոխարինեց Արթուրո Սայանով:

«Արթուրո Սայանը ժամանակին բեմական կեղծանուն էր, իսկ հետո դարձավ նաեւ հիմնական անուն: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է այն հնչում` կարճ է, ինքնատիպ եւ հիշվող: Բացի այդ` Սայան ազգանունը առաջացել է իմ նախապապ Սայիկի անունից, այսինքն` այն ինձ համար ունի նաեւ իմաստային ու գաղափարական նշանակություն»,-մեկնաբանեց ռեժիսորը:

Նա տեղեկացրեց, որ այժմ ուսումնական պրոցեսի մեջ է. սովորում է էքսպերիմենտալ ֆիլմռեժիսուրա` Քիլ քաղաքի Արվեստի բուհում: Արթուրոյի վերջին կարճամետրաժ ֆիլմը «Քամու հետքերով»-ն է` նկարահանված Ֆրանկֆուրտում:

Բացի այդ` նա զուգահեռաբար աշխատում է մի քանի նախագծերի վրա, ծրագրում է մասնակցել փառատոների: Մի ծրագրի շրջանակներում էլ ռեժիսորն աշխատում է այնպիսի նախագծերի վրա, որոնցում ներգրավում են արվեստի հետ առնչություն ունեցող մարդկանց, որոնք Գերմանիայում փախստականի կարգավիճակով են ներկայանում:

Մեր հարցին, թե ո՞ր դեպքում կվերադառնա Հայաստան, Արթուրոն պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, հետաքրքիր եւ արդյունավետ կլինի ապագայում լինել Հայաստանի մշակույթի մի մասնիկը Եվրոպայում եւ ուժերիս ներածին չափով անմասն չմնալ հայրենիքի մշակութային կյանքից»:

«Հայաստանից, օրինակ, շոուներ, հաղորդումներ վարելուն առնչվող գրավիչ առաջարկներ չունե՞ք»,- հարցրինք մենք (Արթուրոն եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Էքստրասենսներ» նախագծի հաղորդավարը). «Նման առաջարկներն իրատեսական չեն լինի, փոխարենը եթե, օրինակ, գեղարվեստական լուրջ ֆիլմում ներգրավվելու հրավեր լինի, մեծ հաճույքով կընդունեմ, ոչ շատ երկար ժամանակով Հայաստանում մնալու եւ աշխատելու պայմանով»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս