Տավուշի մարզի Պտղավան համայնքը մնացել է առանց խմելու ջրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պտղավանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից գյուղերից է: Այն գտնվում է Դեբեդի աջ ափին, իսկ գետի ձախ ափին Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերն են: 1948թ. հիմնված գյուղը 925 բնակիչ ունի, որոնց գերակշիռ մասը Ադրբեջանի տարբեր շրջաններից փախստականներ են: Պտղավանի բնակիչները զբաղվում են այգեգործությամբ եւ հողագործությամբ:

Նրանք «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ արդեն երկու տարի է, ինչ գյուղը գազաֆիկացված է, սակայն գյուղացիները ֆինանսական հնարավորություններ չունեն գազատարից դեպի իրենց առանձնատներ բնական գազի խողովակներ անցկացնելու համար: Պտղավանցիները խիստ դժգոհեցին նաեւ խմելու ջրի հիմնախնդրի կապակցությամբ: Հայաստանի անկախանալուց հետո նրանք խմելու ջուր են ստացել Դեբեդի ափին փորված խորքային հորից, ջրամղիչ պոմպերի միջոցով: Խորքային հորի ջրի որակը շատ վատ է:

Պտղավանցիները ասացին, որ այն պիտանի չէ խմելու համար, իրենք ստիպված այլ տեղերի աղբյուրներից են ջուր կրում: Նրանց խոսքերով՝ երբ իրենք խորքային հորի ջուրը ավտոմեքենայի մեջ են լցնում, ավտոմեքենան փչանում է: 2016թ. ամռանը կառուցվել է Այրում-Պտղավան խմելու ջրագիծը, որը Ստեփանավանի սարերի բարձորակ ջուրը պետք է հասցներ պտղավանցիներին: Գրեթե մեկ տարի է, ինչ ջրագիծը կառուցվել է, սակայն այն չի գործարկվել, գյուղի բնակիչները Ստեփանավանի ջրի երեսը չեն տեսել: Պտղավանցիների խոսքերով՝ ջրագիծը կառուցել են հին գազատար հին խողովակներով, ինչն անթույլատրելի է խմելու ջրատարի դեպքում:

Բացի այդ՝ խնդիրներ են ծագել՝ կապված ջրագծի արժեքի հետ: Գազաֆիկացման եւ խմելու ջրի հիմնախնդիրների վերաբերյալ զրուցեցինք Պտղավանի նախկին գյուղապետ, այժմ Պտղավանի վարչական ղեկավար Ռաֆիկ Օհանյանի հետ: Նա ասաց, որ գազատարից դեպի պտղավանցիների առանձնատներ խողովակներ անցկացնելու, դրանք զոդելու աշխատանքների համար խողովակի յուրաքանչյուրր գծամետրի հաշվով պտղավանցիների վճարը կազմում է 3 հազար դրամ:

Պտղավանի 30 առանձնատուն արդեն գազաֆիկացվել է, այդ գործընթացը շարունակվում է: Ռ. Օհանյանն ասաց, որ առաջիկայում Պտղավանի գազատարի հանդիսավոր բացում կկատարվի: Համայնքապետը հայտնեց, որ պտղավանցիների տներում պետք է խմելու ջրի հաշվիչներ տեղադրվեն, որպեսզի նրանք դառնան բաժանորդներ: Ռ. Օհանյանը տեղեկացրեց, որ խոշորացված Այրում համայնքի (որը ներառում է նաեւ Պտղավան գյուղը) ղեկավար Արայիկ Պարանյանը մոտ 10 օր առաջ հանդիպել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պաշտոնատարների հետ, որպեսզի Պտղավանի ջրամատակարարման հետ կապված խնդիրները լուծվեն: Պտղավանցիները երկար ժամանակ սպասում են Ստեփանավանի ջրին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս