Հայաստանում ցեմենտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Արարատցեմենտ» ընկերությունը կտրուկ նվազեցրել է հարկային վճարումները: Իսկ մեր հանրապետության մյուս` երբեմնի արդյունաբերական հսկան` Հրազդանի ցեմենտի գործարանը, այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե հարկ ու տուրք ընդհանրապես չի վճարել:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկից: Այսպես՝ «Արարատցեմենտ» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 154 մլն 464 հազար 800 դրամ հարկ ու տուրք: Մինչդեռ նախորդ տարվա նշված ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 305 մլն 183 հազար 800 դրամ: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ավելի քան 150 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:
Իսկ ահա Կոտայքի մարզում գտնվող «Հրազդան» ցեմենտի գործարանը ո՛չ այս տարվա եւ ո՛չ էլ անցած տարվա առաջին եռամսյակում պետբյուջե հարկ չի վճարել: Բայց անցած տարվա 4-րդ եռամսյակում Հրազդանի ցեմենտի գործարանը պետբյուջե վճարել է 184 մլն 686 հազար 400 դրամ հարկ: Պատճառն այն է, որ գործարանը այս տարի չի աշխատել, իսկ անցած տարվա ընթացքում ցեմենտ արտադրել է որոշակի դադարներով:
Ի դեպ, տեղեկացնենք, որ տեւական ժամանակ է, ինչ բանակցություններ են ընթանում «Հայբիզնեսբանկը»-ի կողմից ցեմենտի գործարանը ձեռք բերելու ուղղությամբ: Ինչպես հայտնի է` գործարանն այժմ գտնվում է «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակայության տակ: Սակայն ըստ մասնագետների` ցեմենտի գործարանների կողմից պետբյուջե վճարվող հարկերի նվազեցումը պայմանավորված է Հայաստանում շինարարության ծավալների անկումով: Իսկ պաշտոնական վիճակագրության համաձայն` շինարարության ծավալները այս տարվա առաջին եռամսյակում նվազել են 13.6 տոկոսով:
Ի դեպ, նվազել են նաեւ շինարարության ոլորտում կիրառվող շինանյութի արտադրության ծավալները, մասնավորապես ցեմենտինը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեր երկրում այս տարվա առաջին եռամսյակում ցեմենտի արտադրության ծավալները 40.2 տոկոսով նվազել են: Ինչը ոչ միայն «Հրազդան» ցեմենտի գործարանի չաշխատելու արդյունքն է, այլեւ բնակչության թվաքանակի նվազման:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ