ԱԺ փոխնախագահ դեռ նոր ընտրված Արփինե Հովհաննիսյանը հասցրեց վրդովվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6-րդ գումարման ԱԺ երկրորդ նիստի ժամանակ, խորհրդարանականները ընտրեցին ԱԺ նախագահի տեղակալներին: Ինչպես եւ սպասվում էր՝ նոր ձեւավորված ԱԺ նախագահի տեղակալներ ընտրվեցին ՀՀԿ-ից՝ Էդուարդ Շարմազանովը եւ Արփինե Հովհաննիսյանը, իսկ «Ծառուկյան» դաշինքից՝ Միքայել Մելքումյանը: 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեց 100-ը: Ամենաշատ ձայները ստացավ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց ձայների՝ 84 կողմ, 13 դեմ հարաբերակցությամբ:

Շարմազանովը ժպիտով մոտեցավ ամբիոնին եւ բարեհամբույր շնորհակալություն հայտնեց իր բոլոր գործընկերներին՝ անկախ նրանից՝ կողմ են քվեարկել, թե դեմ, ապա զինվորականներին բնորոշ արտահայտությունից հետո՝ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», զբաղեցրեց իրեն հատկացվելիք տեղը: Միքայել Մելքումյանի օգտին քվեարկել էր 65 պատգամավոր, դեմ արտահայտվել՝ 29-ը: ԱԺ նախագահի նորընտիր տեղակալը նույնպես հայտնեց իր շնորհակալությունը եւ ժպիտով զբաղեցրեց իր տեղը: Ի տարբերություն գործընկերների՝ քվեարկության արդյունքներից վրդովված էր երեւում Արփինե Հովհաննիսյանը:

Արդարադատության նախկին նախարարի օգտին համեմատաբար քիչ էին քվեարկել, նրա թեկնածությանը ներկաներից դեմ էր 22-ը, անվավեր էր ճանաչվել 5-քվեաթերթիկ, մի խոսքով՝ նրա թեկնածությանը կողմ էին արտահայտվել 72 հոգի: Նկատենք, որ երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծափերի ներքո քվեարկության արդյունքներն էր ներկայացնում եւ շնորհավորում ընտրվածներին, Էդուարդ Շարմազանովը եւ Միքայել Մելքումյանը ոտքի կանգնեցին եւ գլխով շնորհակալություն հայտնեցին ողջույնի եւ շնորհավորանքի համար, իսկ Արփինե Հովհաննիսյանը ոտքի չկանգնեց:

Ինչեւէ: Նրա շնորհակալական ելույթն ունկնդրողներից ոմանք ծիծաղով նկատում էին, որ տիկնոջ սրտով չէին արդյունքները: Մինչ նախկին նախարարը կփարատի իր վրդովմունքը, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ նրա թեկնածության հանդեպ անձնական դիրքորոշում արտահայտածների մեջ են նաեւ իր կուսակից ընկերները, հատկապես որոշ ՀՀԿ-ական կանայք: Այդ մասին թերեւս տեղյակ է նաեւ Հովհաննիսյանը: Մամուլը բազմիցս անդրադարձել է Հանրապետական կանանց՝ միմյանց նկատմամբ ունեցած նախանձին եւ դրա արդյունքում առաջացած խանդին:

ՀՀԿ-ում շատերն են դեմ Արփինե Հովհաննիսյանին եւ իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ արտահայտեցին գաղտնի քվեարկության ժամանակ: ԱԺ նախագահի նորընտիր տեղակալն էլ «տակ չմնաց», իր ելույթով ուղիղ մեսիջ ուղարկեց իրեն դեմ քվեարկածներին. «Շնորհակալություն եմ հայտնում իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտածներին, ինչպես նաեւ անձնական դիրքորոշումն արտահայտածներին, նվազագույնը ազնիվ էր»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Վահագն Հակոբյան




Լրահոս