«Հայաստանի ձայնը 3» նախագծից հայտնի դարձած գյումրեցի երգչուհի Մելինե Գալոյանը ծրագրում է իր երկրպագուների դատին հանձնել նոր երգ, որի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։ Պլանավորվում է ամռանը ներկայացնել նաեւ տեսահոլովակ: «Հայկոն «Հայաստանի ձայնը» նախագծում իմ մարզիչն էր, ես նրա թիմի ֆինալիստն էի։ Հենց այդ ժամանակվանից էլ հող նախապատրաստվեց մեր համագործակցության համար»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց երգչուհին։
Նա նշեց, որ ծրագրում է իր բենդով համերգներ ունենալ երեւանյան տարբեր ակումբներում՝ ներկայանալով հիմնականում բլյուզ ժանրում։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Մելինեն զուգերգով հանդես գա Հայկոյի հետ, երգչուհին պատասխանեց. «Այո՛, այդ հարցը քննարկվում է»։ Բացի այդ՝ Մելինեն տեղեկացրեց, որ ցանկություն ունի ներկայացնել դուետ՝ ռուսաստանաբնակ երգիչ Սեւակ Խանաղյանի հետ. «Մեր ծանոթությունը շատ պատահական է ստացվել։ Հանկարծակի կերպով ինձ՝ որպես բեք-վոկալիստ, հրավիրեցին երգելու Սեւակի երեւանյան համերգին։ Այդտեղից էլ սկսվեց մեր ծանոթությունը, ինչի համար անչափ ուրախ եմ»,- ասաց նա։
Մելինեն, ով սովորում է Երեւանի պետական կոնսերվատորիայում՝ ջազ-վոկալ բաժնում, բացի ակումբային գործունեությունից, ներկայանում է նաեւ առավել ընդգրկուն համերգային ծրագրերով։ Սեպտեմբերին, օրինակ, նա պատրաստվում է համերգով հանդես գալ ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում։ Հարցին, թե ցանկություն չունի արդյո՞ք իր ուժերը փորձելու միջազգային մրցույթներում, Մելինեն պատասխանեց. «Անկեղծ ասած՝ սիրում եմ մրցակցության մեջ մտնել։ Հայաստանում դժվար թե նորից որեւէ մրցույթի մասնակցեմ, բայց արտերկրում շատ հնարավոր է։ Սպասենք, տեսնենք՝ ինչպես կստացվի»։
Աննա Բաբաջանյան