Նոր փաստաբանները համալրեցին համայնքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փաստաբանական դպրոցի 65 շրջանավարտ մայիսի 21-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Ես ուրախ եմ, որ մասնակիցն եմ փաստաբանների նորամուտին, որի համար անկաշառությունն ու անվախությունը մարդկային որակ լինելուց բացի, նաև աշխատանքային առօրյա են դառնալու:

Կարող ենք ասել, որ Փաստաբանական դպրոցով անցած փաստաբանները լավ են գիտակցում կոռուպցիայի դեմ համայնքային և անհատական պայքարի դերն ու նշանակությունը»:

Պալատի նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ փաստաբանական համայնքի առավելություններից մեկը բազմակարծությունն է: Անդրադառնալով մի քանի գործընկերների այն կարծիքին, որ փաստաբանական դպրոցը չպետք է այս քանակի շրջանավարտներ ունենա, Պալատի նախագահը նշել է, որ հավանաբար այդ մոտեցման հիմքում այն է, որ փաստաբանների քանակի ավելացումն ազդելու է գործերի քանակի վրա: Նա տեղեկացրել է, որ բարեբախտաբար փաստաբանական պալատի կառավարման մարմինն այդպիսի դիրքորոշում չունի և չի կիսում այդ տեսակետը:

Արա Զոհրաբյանը ներկայացրել է որոշ վիճակագրական տվյալներ բնակչություն-փաստաբաններ հարաբերակցության վերաբերյալ, համաձայն որի մեր երկրի 100.000 բնակչին համընկնում է 56 փաստաբան, իսկ այլ երկրներում, օրինակ Իսրայելում փաստաբանների թիվը  գերազանցում է 600-ը, Իտալիայում և Հունաստանում՝ 300-ը, Գերմանիայում՝ 200-ը: Նա հավելել է, որ իրականում այս առումով շատ աճելու տեղ կա և մոտակա 10 տարվա ընթացքում կրիտիկական շեմին չենք մոտենալու:

«Ամեն տարի համայնքը համալրվում է մոտ 150 փաստաբանով, մենք չենք շեղվելու մեր ընտրած ուղուց: Նույնիսկ զարգացած երկրներում այսպիսի մոտեցում կա, քանի որ փաստաբանությունն ազատ մասնագիտություն է իրավունք չունենք սահմանափակելու նրանց թիվը, խոչընդոտելու նրանց»,- եզրափակել է Արա Զոհրաբյանը:

Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Փաստաբանական դպրոցի տնօրինությանը, և աշխատակազմին, Փաստաբանական դպրոցի խորհրդի անդամներին, Փաստաբանների պալատի աշխատակազմին, որոնց ջանքերով կազմակարպվել և անց են կացվել ուսումնառությունը և որակավորման քննությունները:

Պալատի նախագահը ապագա փաստաբաններին մաղթել է բարի երթ և հաջողություն:

Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը շնորհավորել է շրջանավարտներին՝ նշելով, որ նրանց շնորհիվ բացահայտվել են ուսումնառության փուլում առկա խնդիրները, որոնք շտկվել են և շարունակաբար կատարելագործվում են ուսուցման գործընթացները: Նա մաղթել է բեղմնավոր աշխատանք բոլորին և հատուկ շնորհակալություն հայտնել ապրիլյան պատերազմի մասնակից ունկնդիրներին՝ հպարտանալով, որ ապագա փաստաբանները նաև անմասն չեն մնացել հայրենիքի համար կարևոր իրադարձություններին մասնակցելուց:

Խորհրդի անդամ, նախագահի տեղակալ Կարեն Մեժլումյանը մտերմաբար կիսվել է շրջանավարտների հետ, ասելով, որ Խորհրդի անդամները ժամանակին կերազեին անցնել այն դպրոցը, որն անցել են ներկաները: Նա խորհուրդ է տվել լինել իրավապաշտպան, վստահորդի շահը վեր դասել սեփական շահից, նրանց հետ լինել ազնիվ: Նա նկատել է, որ նաև այսօրվա արտոնագիր ստացածների շնորհիվ է հանրապետությունում զարգանալու փաստաբանին դիմելու մշակույթը՝ մաղթելով ծանրաբեռնված լինել գործերով:

Խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը նշել է, որ միշտ վստահ է եղել նրանում, որ երիտասարդների հոսքը բերելու է փաստաբանության զարգացման: Նա կարևորել է, որ տարածաշրջանում ամենակայացած փաստաբանական համայնքը Հայաստանում է: Նա խորհուրդ է տվել շրջանավարտներին համայնք մտնելով չտառապել հայտնի լինելու մոլուցքով, այլ դրան հասնել սեփական աշխատանքով:

Խորհրդի անդամ Արա Ղազարյանը նշել է, որ գիտելիք սովորեցնելը, հմտություն փոխանցելը հեշտ է, դժվարը արժեք սերմանելն է, մտածելակերպ, վերաբերմունք փոխելը, ինչին ժամանակ է պետք: Նա ասել է, որ փաստաբանություն մտնելը նշանակում է մրցակցային դաշտ մտնել:

Արա Ղազարյանը կարևորել է, որ այսօր փաստաբան դառնում են ոչ թե նախկինի պես թեսթ լուծելով, այլ կես տարի կամ մեկ տարի սովորելով:  Նա հիշեցրել է Եվրոպական Դատարանի կարևոր մոտեցումը, որի համաձայն՝ չի կարելի արդարադատությունը զոհաբերել հանուն նպատակահարմարության:

Շնորհակալական խոսքով հանդես են եկել շրջանավարտներ Լիլիթ Ղազանչյանը և Տարոն Բաղդասարյանը:

Արտոնագրերը հանձնելուց առաջ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նաև տեղեկացրել է, որ աշխատավայր, գրասենյակ չունեցող նոր փաստաբանների համար Պալատում կահավորված և տեխնիկապես զինված 20 տեղանոց աշխատասենյակ է հատկացվելու 6 ամսով, ինչը կօգնի փաստաբաններին ունենալ աշխատատեղ, կայանալ իրենց մասնագիտության մեջ, փորձ և վստահորդներ ձեռք բերել: Նա նշել է, որ նոր փաստաբանների կայացմանն աջակցելու այս ծրագրով պայման է դրվելու նաև, որ նրանք սպասարկեն անվճարունակ խավին:

ՀՀ ՓՊ մամուլի կենտրոն




Լրահոս