Մանդատից հրաժարվել եմ այն պարզ պատճառով, որ այն քաղաքական թիմը, որի հետ 11 տարի ճանապարհ եմ գնում, ցանկացել է իմ ներուժը օգտագործել այլ ոլորտում։ ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Արտյոմ Ծառուկյանը, ով «Ծառուկյան» դաշինքի պատգամավորական մանդատից հրաժարվածներից մեկն է:
«Անկեղծ ասած, այստեղ ես տարօրինակ ոչինչ չեմ տեսնում, և բնական է` եթե ես այդ քաղաքական թիմի անդամ եմ, ուրեմն պետք է հաշվի առնեմ պարոն Ծառուկյանի և թիմի որոշումները։ ԿԸՀ դիմելու, պատգամավորական մանդատից հրաժարվելու մասով կարծում եմ` կարիք չկա մեկնաբանելու, քանի որ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից հստակ բոլոր հարցերի պատասխանները տրվել են»,- նշեց նա։
Արտյոմ Ծառուկյանը տարօրինակ է համարում, որ իրեն ներկայացնում են որպես ըմբոստ պատգամավորի։ Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանն արդար և ազնիվ մարդ է։ «Հենց այս հանգամանքը հաշվի առնելով` մշտապես ասել եմ՝ ինչպես Ծառուկյանը կորոշի։ Հավատացեք՝ ինձ համար առաջնահերթ է մեր ծրագրերը կյանքի կոչելը։ Այն 15 առաջնահերթ քայլերը, որոնք ներկայացվել են հանրությանը, պետք է ընդունվեն, հակառակ դեպքում ահագնացող արտագաղթն ու գործազրկությունն է′լ ավելի կխորացնեն մեր երկրի ծանր վիճակը»,- հավելեց նա։
Ծառուկյանը վստահ է՝ դաշինքի այն պատգամավորները, ովքեր որ կշարունակեն իրենց գործունեությունը ԱԺ-ում, ջանք ու եռանդ չեն խնայի և կունենան ամենաակտիվ պատգամավորական խմբակցությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանում հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքի երեք պատգամավոր` Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Խաչիկ Մանուկյանը, պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում են ներկայացրել: Հավելենք, որ ավելի վաղ դաշինքի 12 ներկայացուցիչ դիմել էր ԿԸՀ՝ ինքնաբացարկի մասին դիմումը չեղարկելու պատճառով, և 8 անձ մանդատ էր ստացել: Նրանց թվում էին նաև այդ երեք անձինք:
Նաիրա Հովհաննիսյան