Beeline–ի աջակցությամբ կմեկնարկի «Արմենպրես. Պատմություն» նախագծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի մեկնարկի մասին։

«Արմենպրես. Պատմություն» նախագծի նպատակն է թվայնացնել Գործակալության բնույթով եզակի ֆոտոարխիվը՝  մոտ 10,000 լուսանկարներ և Արմենպրես լրատվական գործակալության «Արմենպրես. Պատմություն» կայքի ստեղծումը։ Հանդիսանալով Հայաստանի հնագույն լրատվական գործակալությունը (հիմնադրվել է 1918թ.), Արմենպրեսը լուսաբանել է մեր երկրի պատմության վերջին հարյուր տարվա կարևորագույն բոլոր իրադարձությունները: Նախագծի գլխավոր աջակիցը Beeline-ն է։ Թվայնացման աշխատանքները կիրանացվեն Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից։

«Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման հարյուրամյակին ընդառաջ մի լուրջ նախագծի մեկնարկ է տրվում: Մեր գործընկերների աջակցությամբ գործակալության  ֆոտոպահոցի լավագույն լուսանկարներից շատերը հասանելի կլինեն մեր հանրությանը: Արմենպրեսը պատմականորեն եղել և այսօր էլ մնում է հայկական լուսանկարչական դպրոցի դարբնոցներից մեկը և այս նախագիծը, պատկերավոր ասած, ֆոտոարվեստի և ֆոտոլրագրության յուրատեսակ «ազգային պատկերասրահ է», -ասեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Beeline-ն մշտապես իրականացնում է նախագծեր ուղղված հայկական թվային բովանդակության զարգացմանը և տարածմանը: Համոզված ենք, որ «Արմենպրես. Պատմություն» նախագիծն իր լուրջ ներդրումը կբերի հայկական թվային բովանդակության հարստացմանը և չափազանց հետաքրքիր կլինի հանրության համար: Ուրախ եմ, որ մեր աջակցության շնորհիվ մարդկանց հասանելի կլինի թվայնացած ֆոտոարխիվը, իսկ մենք թվային տեխնոլոգիանների օգնությամբ կփորձենք դարձնել մարդկանց կյանքն էլ ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սկսում ենք անչափ կարևոր և պատասխանատու մի նախագիծ, որը հետաքրքրական է և տեխնոլոգիական, և բովանդակային մասով։ Շնորհակալ ենք Beeline-ին՝ նախագծին աջակցելու համար։ Պատրաստ ենք թվայնացման աշխատանքներն իրականացնել բարձր որակով՝ լավագույն տեխնիկական սարքավորումների և մասնագետների միջոցով», – նշում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը։

Նշենք, որ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը նախագիծն իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Ծրագրի արդյունքում թվայնացված բոլոր լուսանկարների օգտագործման, ինչպես նաև հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը:




Լրահոս