Հայաստանում 3 մլրդ դոլարի ներդրումներ ապահովելու մասին նախընտրական խոստումը բավական թանկ կարժենա վարչապետ Կարեն Կարապետյանի համար:
«Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է, եւ արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ-ին։ Այսօր կառավարությունում քննարկվում են նաեւ 5,3 մլրդ դոլարի ծրագրեր, որոնք տրամաբանական են, որպես բիզնես կարող են աշխատել, հավելյալ արժեք ստեղծել, աշխատատեղեր»,- նախընտրական քարոզարշավի օրերին մի քանի անգամ գրեթե նույն ձեւակերպումներով հայտարարել է վարչապետ Կարապետյանը: Հետո ե՛ւ վարչապետը, ե՛ւ կառավարության համապատասխան ոլորտի ներկայացուցիչները սկսեցին պարզաբանել, թե 3.2 մլրդ դոլար ներդրումների մասին խոստումը վերաբերում է առաջիկա հինգ տարիներին:
Սակայն, մասնագետների պնդմամբ, հազիվ թե նրան հաջողվի իրականացնել այդ խոստումը, եւ սա մեկ պարզ պատճառով. հիմնական գործոնները, որոնք խոչընդոտում են Հայաստան օտարերկրյա ներդրումների հոսքին, չեն վերացել, այլ ընդհակառակը, ավելի են սրվել. շարունակում է պահպանվել ամեն րոպե պատերազմի վերսկսման վտանգը (իսկ այդ վտանգի առկայության դեպքում որեւէ բիզնեսմեն չի ցանկանա վտանգել ֆինանսական միջոցները), Հայաստանը շարունակում է մնալ մեկուսացված վիճակում՝ շրջափակված երկու հարեւանի կողմից, բնակչությունը շարունակում է արտագաղթել, արդյունքում նվազում է նաեւ սպառողների քանակը, էլ չենք ասում տնտեսական դաշտում գործող ոչ տնտեսական օրենքների եւ հարկային տեռորի մասին: Այնպես որ, հազիվ թե այս իրավիճակում օտարերկրյա գործարարները ցանկանան իրենց ֆինանսական միջոցները բերել Հայաստան. լավագույն դեպքում Կարեն Կարապետյանն իր անձնական կապերն օգտագործելով՝ կփորձի հիմնականում Ռուսաստանի հայ գործարարներին համոզել ինչ-որ ներդրումային ծրագրեր անելու ուղղությամբ, բայց սա շատ կարճ կտեւի, եւ բերված գումարն էլ խոստացված չափի չի լինի: Էլ չենք ասում այն մասին, որ Կարապետյանը հազիվ թե պաշտոնավարի հինգ տարի (2018թ. ապրիլից վարչապետ դառնալու հավակնություններ ունի Սերժ Սարգսյանը), հետեւաբար նրա հեռանալուց հետո խոստումը կարելի է անվավեր համարել:
Մինչ այդ «Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարությունից փորձեց պարզել, թե Կարապետյանի վարչապետության այս կես տարվա ընթացքում որքա՞ն ներդրում է իրականացվել Հայաստանում, ո՞ր ոլորտներում եւ այլն: Մեր հարցմանը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանի ուղարկած պատասխանի մեջ նախ մանրամասն նշված է այս կառավարության ծրագրերի մասին ու կրկին՝ 3.2 մլրդ դրամի խոստումը. «ՀՀ կառավարության կողմից բացահայտվել են կոնկրետ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նշված ծրագրերը հստակ են, առկա է ե՛ւ ներդրումային օբյեկտը, ե՛ւ ֆինանսական աղբյուրը, ե՛ւ ծրագրի իրականացնողը: Վերոնշյալ ծրագրերից 2017 թ. համար իրատեսական է 830-850 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագրերի իրականացումը։ Ֆինանսավորման աղբյուրները հետեւյալն են՝ պետական բյուջե, մասնավոր հատված, համայնաքային, դրամաշնորհային եւ վարկային միջոցներ։ Միաժամանակ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ներդրումային ծրագրերի շրջանակներում բազմակողմ աշխատանքներ է իրականացնում ընկերությունների հետ, տրամադրում է անհրաժեշտ ձեւաչափի աջակցություն։ Աշխատանքների արդյունքում ՀՀ ՏԶՆՆ կողմից բացահայտվել է 62 այդպիսի ծրագիր, որոնք ունեն ֆինանսավորում եւ այժմ իրականացման փուլում են։ Կանխատեսվում է, որ այս ծրագրերի շրջանակում 2017թ. կկատարվի շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար ներդրում»:
Այնուհետեւ պատասխանել են, թե այս տարվա առաջին եռամսյակում արված ներդրումների չափի վերաբերյալ վիճակագրությությունը ԱՎԾ-ն կհրապարակի մայիսի 31-ին: Իսկ 2016թ. չորրորդ եռամսյակում՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, հետեւյալ պատկերն է ստացվել. «Օտարերկրյա ներդրումների ներհոսքերի ծավալը կազմել է 327 325 մլն ՀՀ դրամ, որից օտարերկրյա ուղղակի ներդրումներ են եղել 100 690 մլն ՀՀ դրամը»: Ըստ նախարարության՝ հիմնական ներդրումներն արվել են ՌԴ-ից, Լյուքսեմբուրգից, Գերմանիայից, Կիպրոսից ու Միացյալ Թագավորություններից: «Վերոնշյալ ներդրումները գլխավորապես ուղղվել են տնտեսության հետեւյալ ոլորտներ` կացության կազմակերպում, շինարարություն, տեղեկատվություն եւ կապ, էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարում եւ անշարժ գույքի հետ կապված գործունեություն»,- ասված է նրանց գրության մեջ:
Սկսենք նրանից, որ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից մեզ ուղարկված պատասխանում, հղում անելով ԱՎԾ-ին, ներկայացված է ներդրումների մասին աղյուսակ-տեղեկանք, որից պարզվում է` օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ոչ թե 100 690 մլն դրամ, այլ 100 մլրդ 690.7 մլն դրամ: Մենք հասկանում ենք, որ այս դեպքում տեքստի մեջ եղել է տեխնիկական վրիպակ. դե, հիմա գործադիրում «դրայվի» մեջ են ու այնպիսի «ռազգոնով» են աշխատում, որ կարող է՝ եւ անուշադիր են եղել:
Բայց արի ու տես, որ անգամ 100 մլրդ 690 մլն դրամ ուղղակի ներդրումների ցուցանիշը ճիշտ չէ. բանն այն է, որ ըստ ԱՎԾ-ի՝ 2016թ. ողջ ընթացքում Հայաստանում կատարվել է 62 մլրդ 679.3 մլն դրամի ուղղակի ներդրում, իսկ միայն հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 44 մլրդ 432.1 մլն դրամի ներդրում: Ասել է, թե վերջին եռամսյակում՝ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման երեք ամիսներին, իրականացվել է 18 մլրդ 247.2 մլն դրամի ուղղակի ներդրում (62679.3-44 432.1=18 247.2): Իսկ թե որքան ներդրում է եղել այս տարվա ընթացքում, կսպասենք ԱՎԾ պատասխանին. այդ տվյալների հրապարակմանը մնաց մի քանի օր: Թեեւ չենք կարծում, որ լուրջ փոփոխություններ լինեն: Եւ իրականությունը կմնա այն, որ շոուն մեր գործադիրում ավելի մեծ է, քան բիզնես ներդրումները:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ