Արսեն Գրիգորյանը (Մրոն) նշանակվել է Մշակույթի նախարարի խորհրդական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրոն) նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարությունը: Նա հասարակական հիմունքներով կկանոնակարգի ազգագրական երգ-երաժշտության ոլորտը:

«Մեծ ակնկալիք ունեմ եւ վստահ եմ, որ նա շատ արագ կկանոնակարգի ոլորտը, որտեղ ամենամոտ ապագայում մենք կարձանագրենք նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,- նորանշանակ խորհրդականին նախարարության աշխատակազմին ներկայացնելիս ասել է նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:

Արսեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար եւ ընդգծել է, որ մեծ պատասխանատվություն է զգում: Նա նաեւ ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում ազգագրական ոլորտի կանոնակարգումը:

«Սա ինձ համար մեծ պատասխանատվություն է, եւ շատ շնորհակալ եմ վստահության համար: Կարծում եմ, որ աշխատանքի արդյունքն առաջիկայում տեսանելի կլինի: Մենք պետք է հստակ տարբերակենք՝ ինչը պետք է պահել, պահպանել ու հանրահռչակել: Մենք աշխարհին պետք է ներկայանանք մեր լավագույն արժեքներով, խմբերով ու անհատներով: Ամեն զուռնա նվագող չէ, որ հայ ազգային երաժշտություն է մատուցում, նույնն էլ վերաբերում է դուդուկին, երգին, պարին: Տարազ կրող ամեն խումբ չէ, որ ազգային տարազ է ներկայացնում եւ Հայկական պետությունը դրսում ներկայացնելու իրավունք ունի: Այս ամենը կանոնակարգելու կարիք կա»,- ասել է նորանշանակ խորհրդականը:

Արսեն Գրիգորյանը ծնվել է 1968 թ., Սիրիայի Ղամիշլի քաղաքում: 1987-ին տեղափոխվել է Հայաստան եւ ընդունվել Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: 1988-93 թթ. սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողություն բաժնում՝ Հովհաննես Բադալյանի դասարանում: 1998թ. ավարտել է ասպիրանտուրան: 1988-ից աշակերտել է նաեւ Հայրիկ Մուրադյանին եւ երգել «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթում:

2004-ին նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Արսեն Գրիգորյանը հիմնել է «Հայ երգասաններ» մեներգիչների խումբը, «ՄՐՐՈ» հայ ազգային երգարվեստի կենտրոնը: Համերգներով հանդես է եկել Հայաստանում ու արտասահմանում: 2013-ին հիմնել է «Գութան» ազգային երգի-պարի փառատոնը: Թողարկել է բազմաթիվ սկավառակներ, տեսահոլովակներ, արժանացել մրցանակների, պարգեւատրվել մեդալներով: 2008-ին նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:




Լրահոս