«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան պատասխանը ՀՔԾ-ին.
«Ի գիտություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
Ի գիտություն ՀՀ գլխավոր դատախազին
Ի պատասխան ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Նարեկ Օսյանի գրության
Հարգելի պարոն Օսյան,
Սույն թվականի մայիսի 22-ին Ձեր անունից ստացել եմ գրություն, համաձայն որի` Դուք խնդրում եք ինձ տրամադրել նյութեր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր մատնանշած դեպքը հեռարձակվել է ուղիղ եթեր, և պարզ չէ ինձ իմ դատավարական կարգավիճակը` Ձեր խնդրանքը գնահատվում է ոչ իրավաչափ:
Ի հավելումն այս պատասխանի` նշեմ, որ 2017 թվականի մայիսի 14-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, ես և իմ վստահված անձը` Լիլիթ Դրամփյանը, ոստիկանության հարձակման հետևանքով ստացել ենք մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժհաստատություն:
Ես հրապարակավ հայտնել եմ, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով, այն է` խոշտանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառում` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը, տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի թեկնածուի և ՀՀ Աժ պատգամավորի ու նրա վստահված անձի` Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, սակայն դեպքից անցել է 8 օր, ո՛չ ինձ և ո՛չ էլ Լիլիթ Դրամփյանին տուժող չեն ճանաչել:
Ի հավելումն այս արտառոց իրավիճակի` նաև այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունից` 011 900 012 հեռախոսահամարից քննիչ է զանգահարել քույրիկիս` Մարինե Փոստանջյանին, և հրավիրել հարցաքննության` 2015 թվականի «այո, ոչ», այսպես կոչված` սահմանադրական հանրաքվեի անցկացման հետ կապված:
Հասկանալի է, որ քննիչները, գործելով բռնազավթիչ ՀՀԿ-ի ապօրինի կարգադրությունների ներքո, չեն կատաում իրենց պարտականությունները և կատարում են ապօրինի հրամաններ: Զգուշացնում եմ, որ Ձեր կողմից ցանկացած ապօրինի գործողություն մեզ չի կաշկանդում և այդ գործողություններին տրվելու են և՛ քաղաքական, և՛ իրավական գնահատական»: